Ուսումնական ծրագիր

  1. Главная
  2. Ուսումնական ծրագիր

Տարրական դպրոցի ուսումնական ծրագիր

Տարրական դպրոցում մեր նպատակն է ձևավորել ոչ միայն հարուստ և բազմակողմանի գիտելիքներով, կարողություններով և հմտություններով զինված մարդ, այլև ազնիվ, ընկերասեր, պատասխանատու, հոգեպես հարուստ անհատ: Մենք կարևորում ենք, որ վաղ հասակից երեխան ոչ միայն ճանաչի և մտածի, այլև զգա գեղեցիկը և առողջ ապրի:

Մեր մանկավարժական մոտեցումն է` սովորեցնել ինքնուրույն սովորել, հետազոտել, հայտնագործել, հավատարիմ մնալ երեխայի բնույթին և ուսուցումը դարձնել երեխայի տարիքին, հետաքրքրություններին համապատասխան: Խաղալ և խաղալով սովորել, որովհետև երեխայի համար խաղը շատ լուրջ գործ է: Երեխային պետք է խրախուսել, ոգևորել, լինել նրա ընկերն ու ուղեկիցը:

Տարրական դպրոցի ծրագրի կարևոր գործառույթներից մեկը հետազոտական, ստեղծագործական աշխատանքի խթանումն է: Մենք իրականացնում ենք նաև տարբերակված ուսուցում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր սովորողի կենսափորձը և կարողությունները:

  • Մայրենի խոսքի մշակույթ
  • Մաթեմատիկա
  • Քաղաքացիություն
  • Գիտություն
  • Անգլերեն
  • Ռուսաց լեզու
  • Համակարգչային գրագիտություն
  • Լող
  • Հետաքրքրաշարժ մաթեմատիկա և տրամաբանական խաղեր
  • Շախմատ
  • Տեխնոլոգիա
  • Կերպարվեստ
  • Պարարվեստ
  • Երգ, երաժշտություն
  • Ֆիզկուլտուրա

Միջին դպրոցի ուսումնական ծրագիր

Դիլիջանի կենտրոնական դպրոցը միջին դպրոցում առաջարկում է 27 առարկա: Դպրոցի ուսումնական ծրագրի նպատակն է աշակերտներին տալ ամբողջական և մրցունակ կրթություն, ինչպես նաև դաստիարակություն՝ զարգացնելով նրանցում ամուր հոգևոր արժեքներ, գեղագիտական բարձր ճաշակ, սերմանելով առողջ կենսակերպի ձգտում:

Դիլիջանի կենտրոնական դպրոցի միջին դպրոցում առարկաները բաժանված են 8 առարկայական խմբի։

1. Հայագիտական առարկաներ

Խմբում ներառված առարկաների նպատակն է կատարելագործել աշակերտների` մայրենի լեզվով կարդալու, գրելու, խոսելու և մտածելու կարողություններն ու հմտությունները` զարգացնելով հայոց լեզվի և գրականության հանդեպ սերը:

Հայոց լեզու
Հայ գրականություն

2. Օտար լեզուներ

Խմբի մեջ մտնող առարկաների նպատակն է աշակերտներին հնարավորություն տալ օտար լեզվի լավ իմացության շնորհիվ ծանոթանալ այլ մշակույթների, տիրապետել լեզվին բարձր մակարդակով, ինչը թույլ կտա ոչ միայն հաջողությամբ հանձնել միջազգային առարկայական քննություններ, այլև որևէ սահմանափակում չունենալ կյանքում դրանք օգտագործելիս:

Անգլերեն
Ռուսաց լեզու
Օտար լեզու (ընտրովի)

3. Ճշգրիտ գիտություններ

Խմբի առարկաների նպատակն է զարգացնել մաթեմատիկա առարկայի հիմնական դրույթների ու սկզբունքների իմացությունը, զարգացնել աշակերտների տրամաբանական, վերլուծական և ստեղծագործ մտածողությունը, ինչպես նաև հզորացնել վերացական և ընդհանրացնող մտածողությունը: Աշակերտները սովորում են տեղեկատվական համակարգերի տեսակները և դրանց կառուցվածքը, ինչպես նաև բազմաթիվ գիտություններում ու ոլորտներում ՏՀՏ-ի կիրառության օրինակները:

Մաթեմատիկա
Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաներ

4. Բնագիտական առարկաներ

Բնագիտական առարկաների նպատակն է զարգացնել աշակերտների ռացիոնալ մտածողությունն ու հասկանալ գիտական մեթոդների էությունն ու սահմանափակումները: Բնական գիտությունների առարկայական ծրագրերի միջոցով աշակերտները բացահայտում են, թե ինչպես են գիտության ձեռքբերումները ծառայում հասարակության առջև ծառացած խնդիրների լուծմանը: Աշակերտները ձեռք են բերում լաբորատոր և տեղայնացված հետազոտությունների մեծ փորձ և սովորում, թե ինչպես օգտագործել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաները գիտական հետազոտություններ կատարելու համար:

Ֆիզիկա
Քիմիա
Կենսաբանություն
Աշխարհագրություն
Հայաստանի աշխարհագրություն
Բնագիտություն
Բնապահպանություն

5. Հասարակագիտական առարկաներ

Հասարակական գիտություններն օգնում են աշակերտներին տեսնել հասարակության զարգացման օրինաչափությունները և վերլուծություններ կատարել քաղաքական ու տնտեսական ներկա իրադարձությունների վերաբերյալ: Հասարակական գիտությունների առարկայական ծրագրերի միջոցով աշակերտները ծանոթանում են ֆիզիկական, տնտեսական և հասարակական միջավայրերի բազմազանությանը, դրանց ձևավորման ու զարգացման վրա ազդող հիմնական գործոններին:

Հայոց պատմություն
Հայ եկեղեցու պատմություն
Համաշխարհային պատմություն
Հասարակագիտություն
Վարվեցողության և հաղորդակցության հմտություններ

6. Արվեստներ

Արվեստների մեջ մտնող դասերի նպատակն է աշակերտներին հաղորդ դարձնել գեղեցիկին, զարգացնել նրանց մեջ սեփական ոճը, մտածողությունը, ձայնը արվեստի տարբեր ուղղություններում: Աշակերտներն ուսումնասիրում են այն բազմամշակութային, պատմական, հասարակական ու քաղաքական միջավայրը, որի համատեքստում ստեղծվել և գոյություն ունեն տարբեր արվեստներ: Նրանք օգտագործում են այնպիսի նյութեր ու գործիքներ, որոնք կիրառվում են պրոֆեսիոնալ արվեստների ստուդիաներում, և աշխատում են հայտնի արվեստագետների հետ:

Պարարվեստ
Բեմարվեստ
Երաժշտություն
Կերպարվեստ
Տեխնոլոգիա

7. Ֆիզիկական պատրաստություն

Ֆիզիկական կրթությունը, առողջություն պարգևելուց բացի, սովորեցնում է մարդուն կենտրոնանալ, արագ կողմնորոշվել, աշխատել թիմով, ճիշտ գնահատել անհատի դերը թիմի կազմում: Ֆիզիկական վարժությունները, խաղերն ու մարզաձևերը թույլ են տալիս աշակերտներին բարձրացնել ինքնավստահությունը և անկոտրում պայքար մղել ինչպես անձնական, այնպես էլ թիմային հաղթանակներ ձեռք բերելու համար:

Ֆիզիկական պատրաստություն
Լող

8. ՆԶՊ և առաջին բուժօգնություն

«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի նպատակն է մեծացնել հայրենիքի պաշտպանությանը լիարժեքորեն պատրաստ, ֆիզիկապես, մտավորապես ու հոգեպես ուժեղ սերունդ: Աշակերտները ծանոթանում են հայրենիքի ռազմական պատմությանը, ստանում ռազմագիտական նախնական գիտելիքներ ու հմտություններ, պատրաստվում զինվորական ծառայությանը:

Նախնական զինվորական պատրաստություն
Меню