Պատմություն և առաքելություն

  1. Գլխավոր
  2. Պատմություն և առաքելություն
Պատմություն

Դիլիջանի կենտրոնական դպրոցը հանդիսանում է «Այբ» համակարգի դպրոց: Դիլիջանի կենտրոնական դպրոցը ստեղծվել է 2013 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից` ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակցության արդյունքում: Դիլիջանի կենտրոնական դպրոցում իրականացվող ծրագրերի բովանդակությունը մշակվում և վերահսկվում է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից:

Առաքելություն

Դպրոցի առաքելությունն այն հիմնական նպատակն է, որին միտված են դպրոցի համայնքի՝ աշակերտների, ուսուցիչների, աշխատակիցների, ծնողների, աջակիցների ընդհանուր ջանքերը։
Դիլիջանի կենտրոնական դպրոցի առաքելությունն է լինել առաջատար և նորարար դպրոց, որը յուրաքանչյուր աշակերտի մոտ արթնացնում և զարգացնում է բարին, գեղեցիկը, ներքին ազատությունը, ստեղծարարությունը և ձևավորում է ապագայի  պատասխանատվություն ստանձնող անձ, ով պատրաստ է ապագայի մարտահրավերներին և կկարողանա փոխել աշխարհը դեպի ավելի լավը:

Արժեքներ

Դիլիջանի կենտրոնական դպրոցի արժեքները խարսխված են համամարդկային և քրիստոնեական արժեհամակարգերի վրա, որոնք անբաժանելի են ազգային արժեհամակարգից և հանդիսանում են վերջինիս քաղաքակրթական և հոգևոր հիմքը։
ԴԿԴ աշակերտի նկարագրի հիմքում ընկած են ութ առաքինությունները, որոնց ձևավորմանն ուղղված է դպրոցի կրթական և դաստիարակչական գործունեությունը:
Դիլիջանի կենտրոնական դպրոցի աշակերտին բնութագրող ութ սկզբունքները բաժանված են զույգերի: Առաջին զույգը՝ ճանաչող և արարող, համընդհանուր սկզբունք է: Այն, ըստ էության, համընկնում է մեր դպրոցի «Իմա և արա» նշանաբանի հետ և որպես գլխավոր սկզբունք՝ տարածվում հաջորդող երեք զույգերի վրա:
Դիլիջանի կենտրոնական դպրոցի աշակերտը ոչ թե պետք է ձգտի պարզապես ճանաչելու, այլ բարի և բարեբեր ճանաչողության կամ բարեխոհության: Բարին խորհելը և բացահայտելը արդյունավետ ճանաչողության վեկտորն է: Մտքերի բարությունը պետք է արտացոլված լինի նաև մեր գործերի մեջ՝ «Այբ»-ի աշակերտը պետք է լինի հոգատար: Հոգատար է նա, ով սեր ունի իր մեջ, փորձում է մարդկանց համար բարիք գործել, պատասխանատու է և անտարբեր չի անցնում իրողությունների կողքով: Բարեխոհությունն ու հոգատարությունը բարոյական լրացումն են մեր հիմնական սկզբունքի և շեշտում են, թե մենք ինչ տեսակի ճանաչողության և գործերի մասին ենք խոսում:
Մարդու ոչ միայն միտքը պետք է կրթված ու զինված լինի առաքինություններով, այլև կամքը պետք է ճիշտ գործի: Մենք ուզում ենք, որ մեր աշակերտները նախաձեռնող լինեն: Նախաձեռնող նշանակում է արի, քաջ, նպատակասլաց, ռիսկի դիմող: Սակայն յուրաքանչյուր նախաձեռնության մեջ պետք է լինել հավասարակշիռ` պահպանելով ներքին խաղաղությունը և ներդաշնակությունը: Նախաձեռնել չի նշանակում անխոհեմ առաջ նետվել, այլ պատասխանատվությամբ մտածել ու խորհել, մարդկանց քո գաղափարի շուրջ հավաքել և դրան մասնակից դարձնել, մարդկանց ծառայել և առաջնորդել:
Դիլիջանի կենտրոնական դպրոցի ութնյակի վերջին զույգն է զգոն և բաց: Այս բառերի ընտրությունը նույնպես պատահական չէ. «զգոն» բառը և՛ արդի հայերենում, և՛ գրաբարում ունի խոր իմաստ: Զգոնը նրբազգացն է, զգայունն է իր լավ իմաստով, այն մարդն է, ով զգում է մարդկանց, ով զգում է իրեն, ով ունի ներքին ուշադրություն: Զգոն մարդը հավաքված մարդն է: Մարդկային կյանքն այսօր չափազանգ ցրված է հիշողությունների, զգացմունքների, ապրումների մեջ, և արդի կրթության գերխնդիրն է՝ սովորեցնել մարդուն հավաքվել, ուշադիր լինել և կենտրոնանալ: Զգոնը նաև հակադիրն է անզգամի, երբ մարդն անհաղորդ է իրականությանը և ընդունված բարոյական սկզբունքներին: Եվ վերջապես, որպեսզի այդ հավաքվածությունը չտանի մարդուն ներքին կապանքների ու սևեռումների, նա պետք է լինի բաց: Սա նույնպես կրթության գլխավոր խնդիրներից մեկն է՝ սովորեցնել մարդուն ազատ և բաց լինել, ազատվել ներքին կապանքներից, հաղորդակից լինել իրականությանը:

Menu