Ճամփորդությունից առաջ ես շատ ուրախ էի և անհամբեր սպասում էի։ Հիմա էլ ամեն բան հիշում եմ ուրախ ժպիտով։ Մեր մեկնելու կիրակին շատ դանդաղ էր անցնում, ու ես արդեն չգիտեի ինչով զբաղվել։ Կեսգիշեր էր, մենք սպասում էինք մորեղբորս մեքենային, որ վերջապես գնայինք օդանավակայան։ Ամբողջ ճանապարհին չքնեցի։ Հասանք օդանավակայան, որտեղ ես առաջին անգամ էի։ Մենք շուտ էինք հասել, և ես լուսամուտից նայում էի ինքնաթիռներին, մինչև կգային դասընկերներս և մեր ուսուցիչը։ Բոլորը հավաքվեցին, լուսանկարվեցինք և հրաժեշտ տվեցինք ծնողներին։ Անցանք բոլոր ստուգումները և սկսեցինք սպասել մեր թռիչքին՝ զրուցելով, քաղցր ուտելով, մի քանի էջ կարդալով։ Նույնիսկ որոշեցինք զանգել մեր դասընկերներին, չնայած գիտեինք, որ դեռ քնած են։ Վերջապես հայտարարեցին մեր թռիչքը, և նստեցինք ինքնաթիռ։
Ես լուսամուտին մոտ էի, ինչի համար շատ էի ուրախացել։ Թռիչքի ժամանակ հաճախ էի նայում դուրս և լուսանկարում, բայց քանի որ մութ էր շատ բան չէի տեսնում։ Ես շատ էի ուզում քնել, բայց անհարմար էր։ Թռիչքը տևեց մոտ հինգ ժամ։