Իմա և արա

Sci et crea

Գրաբարից թարգմանաբար նշանակում է՝ «Իմացիր և արարիր»:

«Իմանամ» բայը գրաբարում ունի երեք փոխկապակցված երանգ՝

  • հասկանալ, ըմբռնել, ճանաչել
  • մտածել, կարծել
  • հնարել, ճարտարել

Իսկ «առնեմ» բայի հիմնական իմաստներն են՝

  • անել, գործել
  • ստեղծել, արարել
  • դարձնել, փոխել
  • ստանալ, ունենալ

Ճանաչողության և գործերի ներդաշնակեցումը, տեսականի և գործնականի ճիշտ համադրությունը կամ հավասարակշռությունը մեր կրթական փիլիսոփայության «ոսկե կանոնն» է: Դարերի խորքից եկող այս իմաստությունը առավել ևս կարևոր է 21-րդ դարում, երբ կրթությունը պետք է կազմակերպել գիտելիքի աննախադեպ ծավալի և ստեղծարար ակտիվության պայմաններում: «Իմա» և «արա» բառերի իմաստային երանգներն արդեն իսկ հուշում են, որ այս երկու սկզբունքները խորապես փոխկապակցված են, այսինքն` չկա ճանաչողություն առանց իրագործման, ոչ էլ արարում` առանց իմացական ձեռքբերման: Ուրեմն, մենք ճանաչում և գործում ենք միաժամանակ կամ ճանաչելով ստեղծում և ստեղծելով ճանաչում: Եթե մենք ձգտում ենք ունենալ իրագործված գիտելիքներ, հավաստի ձեռքբերումներ և ապրված ճշմարտություններ, ապա միշտ պետք է պահպանենք ճանաչողական-ստեղծարար ներդաշնակությունը: