Պատմություն
Դիլիջանի կենտրոնական դպրոցը հանդիսանում է «Այբ» համակարգի դպրոց: Դիլիջանի կենտրոնական դպրոցը ստեղծվել է 2013 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից` ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակցության արդյունքում: Մինչև 2025 թվականը դպրոցը գործել է որպես հիմնական դպրոց։ 2025 թվականին դպրոցը ստացել է միջնակարգ (ընդհանուր) հանրակրթական ծրագրի իրականացման լիցենզիա։
Դիլիջանի կենտրոնական դպրոցում իրականացվող ծրագրերի բովանդակությունը մշակվում և վերահսկվում է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից:
Դիլիջանի կենտրոնական դպրոցի ավագ բաղադրիչում ուսումնառությունն իրականացվում է Արարատյան բակալավրիատ կրթական ծրագրով։
2014 թվականին «Այբ» կրթական հիմնադրամը, hամագործակցելով Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ, սկսեց լայնածավալ կրթական նախաձեռնություն՝ Կրթության գերազանցության ազգային ծրագիրը (ԿԳԱԾ), որի նպատակն է Հայաստանում ստեղծել հայալեզու, բայց միևնույն ժամանակ միջազգայնորեն մրցունակ դպրոցական կրթական ծրագիր՝ Արարատյան բակալավրիատը, և կարևորել ուսուցչի դերը հասարակության մեջ՝ գրավիչ դարձնելով կրթության սպասավորի մասնագիտությունը։
Արարատյան բակալավրիատը համաշխարհային մակարդակով մրցունակ և խստապահանջ ուսումնական ծրագիր է, որը մշակվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից և իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ՝ կրթության ոլորտում առաջատար ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ։



