Դասավանդման մոտեցումներ

ԼԵԶՈՒՆԵՐ

Առաջատար կրթական համակարգերի ծաղկաքաղ

«Այբ» համակարգի դպրոցների կրթական գաղափարը խարխսված է հետևյալ դինամիկ սկզբունքի վրա` վերցնել լավագույն ծրագրերը լավագույն կրթական համակարգերից և համադրել մեկ ամբողջական պատկերի մեջ: Այբ»-ի մասնագետներն ուսումնասիրել և ծաղկաքաղ են արել աշխարհի առաջատար կրթական համակարգերից՝ ի մի բերելով և համատեղելով դրանց լավագույն բաղադրիչները մեկ եզակի համակարգում: Մենք չենք ցանկացել պատճենել հաջողված կրթական համակարգերից որևէ մեկը, այլ, հետևելով դրանցից յուրաքանչյուրին, ստեղծել ենք մերը:

Փորձարկելով տեսականը գործնականորեն

«Այբ» համակարգի դպրոցների ուսուցման մեթոդաբանության հիմքում ընկած է ծրագրահեն ուսուցումը: Մենք ձգտում ենք ուսումնական գործընթացը կազմակերպել այնպես, որ ցանկացած աշակերտ ներգրավված լինի առօրյա կյանքում իրականացվող տարբեր ծրագրերում կամ նախագծերում՝ գործնականորեն ստուգելով ու կիրառելով իր գիտելիքները, զարգացնելով իր հաղորդակցման, թիմային աշխատանքի հմտությունները: Այդ նախագծերը ոչ միայն ունեն ուսումնական նպատակ, այլև կարող են տալ հասարակայնորեն կիրառելի և անհրաժեշտ արդյունքներ: Տարբեր առարկաների ուսուցիչներն աշխատում են միմյանց հետ՝ հարմարեցնելու իրենց ծրագիրն այնպես, որ աշակերտները զինված լինեն մի քանի առարկաներից անհրաժեշտ գիտելիքներով՝ հետազոտական ու ուսումնասիրական նախագծեր իրականացնելու համար:

Առողջ ապրելակերպ և գեղեցիկի ընկալում

Սպորտի և արվեստի դասերն ու ակումբային աշխատանքները օգնում են «Այբ»-ի աշակերտին համակողմանի զարգանալ՝ ոչ միայն մտքով, այլև հոգով ու մարմնով: Դպրոցում մարմնամարզությունը և լողը պարտադիր առարկաներ ենէ՝ որպես առողջության երաշխիք: Արվեստի տարբեր ոլորտներին առնչվող առարկաները և խմբակները նպատակ ունեն զարգացնելու աշակերտների` գեղեցիկը տեսնելու, լսելու և ճանաչելու կարողությունները և բեռնաթափելու ակադեմիական կրթության բավականին ինտենսիվ գործընթացը:

Գիտելիքը՝ արժեքների հենքի վրա

Արժեքային և աշխարհայացքային համակարգի ձևավորումը կրթության հիմնախնդիրներից է: Մեր նպատակն է ձևավորել ոչ միայն գիտելիքներով զինված մարդ, այլև սեփական ինքնությանը հաղորդ, պատկանելության և պատասխանատվության գիտակցություն ունեցող քաղաքացի: Տեսականի և գործնականի համադրումը Դպրոցի կարևորագույն սկզբունքներից է: Յուրաքանչյուր աշակերտ պետք է իրականացնի հասարակական աշխատանքի որոշակի նվազագույն ծավալ: Աշակերտների հետ աշխատանքում կիրառվում են բազմաթիվ հնարներ, ձևաչափեր ու միջոցներ՝ դաստիարակելու համար այնպիսի արժեքներ, ինչպիսիք են փոխօգնությունը, դիմացինի կարծիքի հետ հաշվի նստելը, նոր մտքերի ու մոտեցումների առջև բաց լինելը, ուրիշի մտքերը և աշխատանքը գնահատելն ու չգողանալը, ճշտապահ և պատասխանատու թիմի անդամ լինելը, որոշումներ կայացնելիս բարեհոգության և հարուստ տեղեկությունների վրա հիմնվելը:

Նկարագրական գնահատում

Դպրոցում գնահատումն իրականացվում է 100 միավորանոց համակարգով: Սակայն բացի թվանշան տալուց, ուսուցիչների առաջնային խնդիրն է տրամադրել նկարագրական գնահատման հաշվետվություններ, որոնցում մանրամասնորեն անդրադարձ է կատարվում աշակերտի ուժեղ և թույլ կողմերի, թեմաների իմացության մակարդակի, նախկին գիտելիքները լրացնելու ձգտման և առարկայի լիարժեք ընկալմանը խոչընդոտող սոցիալական ու անձնային խնդիրների վրա: Թվանշանից բացի, առավել կարևորվում է ծնողին փոխանցել այնպիսի տեղեկույթ, որը կօգնի նրան երեխայի՝ դպրոցից դուրս աշխատանքները, ուսմանն ուղղված ժամանակն ու ջանքերը առավել արդյունավետորեն կազմակերպելուն: Յուրաքանչյուր աշակերտի առաջադիմության պորտֆելը տեղադրվում է նաև «Մուդլ» էլեկտրոնային համակարգում, ուր ծնողները կարող են մուտք գործել և հետևել իրենց երեխաների սովորելու գործընթացին:

Պորտֆելի նպատակն է.

  • Տեսնել երեխայի ուսումնառության ընթացիկ պատկերը:
  • Սեփական դիտարկումները հաղորդել ուսուցչին:
  • Ներգրավվել սովորելու գործընթացում:
  • Օգնել երեխային` պլանավորելու իր ժամանակը:
  • Հայտնաբերել երեխաների ուժեղ կողմերը և վերահսկել թույլ կողմերը: