Դիլիջանի կենտրոնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ալվարդ Սաֆարյան
Գրական ամեն կերպար մարդկային բնավորության գծերի խտացում է, ինչպես նաև անհատականության և տիպական նշանակության բացահայտում:
Հայի էպոսը հայ ձևավորելու լավագույն ուղին է այսօր առավել ևս, քանի որ «Սասնա ծռեր»-ի հերոսները ազգի զավակների մտածողության, բնավորության ու վարքագծի խտացված կերպարներ են։ Վարքագծի որոշակի հատկանիշներ պիտի ոչ թե սոսկ ճանաչելի, թվարկելի լինեն աշակերտ-ընթերցողի կողմից, այլ օրինակելի (մերժելի) և կրելի որակներ դառնան մեր օրերում։ Իսկ ինչպե՞ս ապահովել կապ ընթերցողի և նրան հարազատ հերոսի միջև, ինչո՞վ նպաստել աշակերտի՝ իրեն հուզող հարցերը ձևակերպելու կամ դրանց պատասխանը ստեղծագործաբար գտնելու կարողությունների զարգացմանը, ինչպե՞ս հերոսի միջոցով ազդել ընթերցողի մտածողության և արժեքային համակարգի ձևավորման վրա, ո՞ր որակները դարձնել գնահատման, քննադատման առարկա և ինչու՞։ Այսպիսի հարցերը ուսուցչին մղում են ընտրելու նախագծային աշխատանքի նպատակահարմար եղանակ և ակնկալելու վերջնարդյունք։ Չէ՞ որ մեր խառնակ ժամանակները մոլոր են, և պետք է կառչել սերնդին մնայուն և անկեղծ արժեքներով առաջնորդելու հնարավորությունից։
Այս և առարկայական այլ խնդիրներով ու նպատակներով սկսեցինք «Թղթիկ Սասնա ծռին» նամակի շարադրման նախագծային աշխատանքները։ Ընթացքը կազմակերպվեց երկու փուլով՝ նախ էպոսի ընթերցում և ըստ նախապես հանձնարարված ուղղորդող ենթավերնագրերով ներկայացում սահիկաշարով, ապա՝ առանձին թեմատիկ ուսումնասիրությամբ այդ շարադրանքի վերածում նամակի՝ ուղղված մեկ հերոսի։ Ընդ որում՝ անհրաժեշտ էր պահպանել նամակի կառուցվածքը՝ ողջույնի հետաքրքիր խոսք, գրելու շարժառիթ և նպատակ, ասելիքի ընդարձակում, բարձրաձայնել առնվազն մեկ կարևոր հարց՝ էպոսում և այսօր նկատվող, ինչպես նաև ամփոփել ինքնատիպ շնորհակալությամբ։
Ի վերջո, կերպարը լիարժեք բացահայտվում է նաև նրա հետ ներքին խոսքի կամ մենախոսության ընթացքում, իսկ նամակը այդ հնարավորությունը տալիս է։ Ընթերցող-աշակերտը մենակ է իր անձի հետ և լիովին անկեղծ թե՛ հերոսին հարցադրումներ անելիս, թե՛ ընտրած կերպարի փոխարեն ստեղծագործաբար պատասխանելիս:
Քանի որ այս նախագիծը նաև համադպրոցական միջոցառման մաս էր կազմում, կրթական միջավայրը ապահով էր, իսկ մթնոլորտը՝ հագեցած հերոսավեպի ուսումնասիրման միջառարկայական բազմազանությամբ։
ԴԿԴ աշակերտները մեր ժողովրդական էպոսի ճանաչումը սկսեցին՝ ուսումնասիրելով և բացահայտելով էպիկական գործողություններին սերտորեն առնչվող որոշակի արժեքների առկայություն ա) էպոսում և բ) այսօր, ինչպիսիք են՝ մեծի հանդեպ հարգանքի, մեծահոգության և ներելու, վրիժառության և վախկոտության դրսևորումները, ընտանեկան սիրո, հոգածության և խնամքի, միամտության և դյուրահավատության, նենգության և խաբեության արտահայտումը, քրիստոնյա հայի շնորհակալության, բարու հիշատակության կարևորումը, ինչպես նաև հանուն խաղաղության սպառազինվելու կամքը։
Ուսուցչի կողմից ահա այսպիսի բազում թեմաներ առաջարկվեցին աշակերտներին, որպեսզի ճյուղերն ընթերցելուց հետո աշխատեին նախընտրած թեմայի և մեկ հերոսի ուսումնասիրման շուրջ։ Սահիկաշարի ներկայացմամբ զարգանում են բանավոր և գրավոր
խոսքի կառուցման կարողությունները, միտքը գրառելու և խմբագրելու, գործնականում կետադրելու, ինչպես նաև մեդիա հմտությունները, մյուս կողմից ձևավորվում են սովորողի անձնային նկարագիրը և արժեհամակարգը։
Այսպիսի աշխատանքը վկայում է, որ առկա է տարբերակված ուսուցում, այն բխում է ուսումնառության բովանդակությունից, տրվող առաջադրանքները ձևավորվում են՝ հաշվի առնելով սովորողի անհատական առանձնահատկությունները, հետաքրքրությունները, պահանջները, կարողությունները, ինչն էլ ընկած է չափորոշչային պահանջների հիմքում։ Այն աշակերտին տվեց թեմայի և հերոսի ազատ ընտրության հնարավորություն և մղեց պատասխանատու լինելու աշխատանքը բարելավված որակով ավարտին հասցնելիս։ Բնագրային փոքրիկ մեջբերումները նպատակային էին, եզրակացությունները՝ կապված իրենց կյանքի ու փորձառության հետ։ Ըստ ցանկության՝ աշակերտների նամակին կից ներկայացրել էին նաև անհատական թեմաներին առնչվող նկար-խորհրդանշաններ։ Վերջնարդյունքը գոհացնող էր, առանձին աշխատանքներ՝ մտածելու տեղիք տվող, ինքնատիպ և ցուցադրելի։
Ստորև բերում ենք նախագծի ներկայացման և նամակների վերջնական տարբերակները։
Նախագիծ՝ ՆԱՄԱԿ՝ «Թղթիկ Սասնա ծռին»
Նպատակը՝ Տեքստի խմբագրում, լեզվական գիտելիքների կիրառում, արժեքային համակարգի ձևավորում
Խնդիրը՝ Կապ գրական հերոսի և ընթերցողի միջև, ուսումնասիրած նյութի վերաբերյալ ինքնուրույն խոսքի շարադրման և խմբագրման հմտություններ
Դասարան՝ 8-րդ
Միջառարկայական կապը՝ «Հայոց լեզու», «Գրականություն», «ՏՀՏ»
Տևողությունը՝ մեկ ամիս
Ներկայացումը՝ տպագիր շարվածք /1500-3000 տառ/, տառատեսակը՝ նախընտրելի ձեռագիր
Առցանց և առկա խորհրդատվություն՝ նոյեմբերի 10, 20 և 30-ին, հանձնումը՝ 6․12․2023։
Գնահատման սանդղակ
Ա․ Սահիկաշար՝ լրամշակված և ստուգված,
Բ․ 1․ Նամակի շարադրանքի կառուցվածք – 20 մ․ 2․ Ինքնուրույնություն և անկեղծություն (նաև հղումներ տալը)- 40 մ․
3․ Փաստարկված խոսք (կապը իրականության հետ և տրամաբանված հիմնավորումներ)-20 մ.
4․ Գրագետ շարադրանք – 20 մ․