Շնորհավորում ենք Դիլիջանի կենտրոնական դպրոցի 11-րդ սերնդի շրջանավարտներին ։
Դիլիջանի կենտրոնական դպրոցում հուլիսի 8-ին կայացած ավարտական միջոցառումը կրթօջախի 11-րդ սերնդի շրջանավարտների համար ազդարարում էր այն իրողությունը, որ արդեն հաջողությամբ հաղթահարված է միջին դպրոցի շրջափուլը և բացվում է նոր ուղի դեպի ավագ դպրոց։ Ավարտական հանդիսությունը մի հարկի տակ էր հավաքել դպրոցի ներկա և նախկին շրջանավարտների, տարբեր դասարանների աշակերտերի, ուսուցիչների, ծնողների, ինչպես նաև հյուրերի, ովքեր իրենց ներկայությամբ և ջերմ խոսքերով ոգևորեցին ավագ դպրոց մուտք գործելու պատրաստվող շրջանավարտներին։
Դպրոցի տնօրեն Արամ Մեհրաբյանը կիսվեց Լաո Ցզիից ոգեշնչող խոսքերով. «Երբ կորցնում ենք ճանապարհը , մնում է առաքինությունը, երբ կորցնում են առաքինությունը, մնում է բարոյականությունը, երբ կորցնում են բարոյականությունը, մնում է օրենքը, երբ կորցնում են օրենքը, մնում է սովորույթը, իսկ սովորույթը բարոյականի արտաքինն է միայն. եւ այստեղ է սկսվում այլասերումը»։
Նա հորդորեց մեր ուսանողներին երբեք չկորցնել իրենց ճանապարհը: ՀՀ ԿԲ-ի նախագահի տեղակալ, ԴԿԴ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Նուրբեկյանն իր ոգևորությունը հայտնեց դպրոցի առաջընթացի կապակցությամբ և դրդեց շրջանավարտներին հավատարիմ մնալ իրենց ընտրած կարգախոսին։ Հանդիսությունն ավարտվեց պատվոգրերի հանձնմամբ և ավանդական շուրջպարով՝ բոլորին թողնելով ուրախ հիշողություններ։ Եվս մեկ անգամ շնորհավորում ենք մեր 11-րդ սերնդի շրջանավարտներին և սպասում նրանց մեծ հաջողություններին: Բարի՜ երթ․․․