Ավելի քան 70 ուսուցիչ և ուսուցանող Հայաստանի տարբեր մարզերից ու համայնքներից հավաքվել էր մեկ հարկի տակ՝ մասնակցելու «Teach Cup» առաջին ինտելեկտուալ մրցույթին:
Բուռն էմոցիաներով, թիմային ոգով ու համագործակցության լայն հնարավորություններով անցավ ողջ մրցույթը, որի նպատակն էր ևս մեկ անգամ արժևորելու ուսուցչի գործն ու առաքելությունը, ձևավորելու երկխոսության յուրահատուկ միջավայր:
Ուսուցիչները կերտում են Հայաստանի ապագան այսօր, և շատ կարևոր է գնահատել ու աջակցել նրանց այս հարցում՝ մեկտեղելով ջանքերը: «ԿԱԶԱ» հիմնադրամը, մշտապես կարևորելով կրթության դերն ու նշանակությունը պետության կայացման գործում, իրականացնելով բազմաթիվ ծրագրեր այս ոլորտում, այս անգամ նախաձեռնեց և գործընկերների հետ կյանքի կոչեց «Teach Cup» մրցույթը՝ հիմնված «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հայտնի խաղի վրա:
Մտքի ճկունություն, արագ կողմնորոշում, սեփական հնարավորությունների բացահայտում… Մասնակիցները գործի դրեցին բոլոր կարողությունները: Միավորների հանրագումարի արդյունքում հաղթող ճանաչվեցին՝
1-ին հորիզոնականում ՀԱՊՀ հիմնական ԳՏՃՄ դպրոցը ներկայացնող «STEM» թիմը,
2-րդ հորիզոնականում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ներկայացնող «ՄՍԿՀ» թիմը,
3-րդ հորիզոնականում «Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամը ներկայացնող «ԴԿԴ» թիմը։