7-րդ դասարանի աշակերտների համար «Անտառ» նախագիծը հետաքրքիր մտահղացումների և ստեղծագործական նոր թռիչքների առիթ հանդիսացավ։ Նախագծի նպատակը բնության գեղեցկությունը գրականության միջոցով ընկալելն ու արտահայտելն էր։ Նախագիծը իրականացվեց միաժամանակ երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, իսկ նպատակը մեկը՝ ուսումնասիրել անտառի արտացոլումը գրականության մեջ և այն, թե ինչպես է բնությունը, հատկապես անտառը, ծառայել որպես ոգեշնչման աղբյուր բազմաթիվ գրողների համար: Չէ՞ որ գրականությունը չի ներկայացնում բնությունը պարզապես որպես միջավայր, այլ այն ընդունում է որպես ոգեշնչման, խորը զգացմունքների և մտորումների աղբյուր, իսկ անտառային բնապատկերների առկայությունը գրական երկերում վկայում է այն մասին, որ բազմաթիվ բանաստեղծների համար եղել է ստեղծագործելու աղբյուր:
Նախագծի շրջանակներում աշակերտները ուսումնասիրեցին հայ, անգլիացի և ռուս բանաստեղծների ստեղծագործություններ, որոնցում ներկայացված էր անտառը: Նրանք տարբեր տեսանկյուններից ուսումնասիրեցին թեման, քանի որ տարբեր երկրներ ու տարբեր ժամանակաշրջաններ ներկայացնող ստեղծագործություններում անտառը ներկայացված է բազմակողմանի՝ որպես մարդկային հոգու և բնության անբաժանելի միասնություն:
Նախագծի շրջանակներում աշակերտները նաև այցելեցին Դիլիջանի գեղատեսիլ անտառներից մեկը՝ «Հարբած անտառ», որտեղ նրանց համար ասես կազմակերպվեց ստեղծագործական հանդիպում բնության հետ: Նրանք հիացած դիտեցին անտառի գեղեցկությունը, շրջեցին այնտեղ, լուսանկարներ արեցին, ոգեշնչվեցին և այնուհետև պատկերավոր կերպով ներկայացրեցին իրենց զգացողությունները պաստառների, պատմվածքների, փոքրիկ գրվածքների և իրենց հորինած բանաստեղծությունների միջոցով: Նրանք ստեղծեցին պաստառներ, պատրաստեցին տեսահոլովակներ, անգիր արտասանեցին հայտնի գրողների ու իրենց հորինած ստեղծագործությունները։
Նախագծի շնորհիվ աշակերտները ոչ միայն ծանոթացան անտառի գեղեցկությանը որպես գեղարվեստական պատկերավորման օրինակ, այլև արժևորեցին անտառի դերը բնության մեջ, մարդկային կյանքում և գրականության մեջ:
Այս նախագիծը զարգացրեց աշակերտների գրական գեղարվեստական խոսքի ըմբռնման կարողությունները, խթանեց նրանց ստեղծագործական մտածողությունը՝ շեշտելով բնության գեղեցկության պահպանման կարևորությունը և օգնելով կապ հաստատել բնության ու գրականության միջև։