Դիլիջանի կենտրոնական դպրոցի դահլիճը մայիսի 24-ին ողողված էր ջերմությամբ ու հույզերով. տեղի ունեցավ 12-րդ սերնդի շրջանավարտների «Վերջին զանգ»-ի միջոցառումը։ Դահլիճում յուրաքանչյուր պահ հագեցած էր սիրով ու երախտագիտությամբ՝ աշակերտների պարից մինչև հուզիչ երգերը։ «Հուսո Առագաստը» դարձավ ոչ միայն երաժշտական կատարում, այլև սիմվոլ մի ամբողջ սերնդի սպասումների ու երազանքների։ Աշակերտները իրենց վերլուծությամբ ներկայացրեցին «Թույլ օղակ» խաղը՝ այն դարձնելով յուրօրինակ խորհրդանշան անցած ճանապարհի, ձեռք բերած փորձի և թիմային ոգու։ Սրտառուչ էր շնորհակալական խոսքերի ընթերցման պահը. Շրջանավարտները իրենց երախտիքի խոսքը ուղղեցին այն ուսուցիչներին, որոնք իրենց կյանքում թողել էին որոշիչ հետք։ Դահլիճում եղած ամեն մեկը զգում էր այդ խոսքերի անկեղծությունը։ Միջոցառմանը հայկական շունչը փոխանցեց ազգային պարը՝ հայրենասիրության խոնարհ ու արժանապատիվ դրսևորում՝ որում միախառնվել էին պատմությունը, մշակույթը և ինքնության հպարտությունը։ Դպրոցի գործադիր տնօրեն Արամ Մեհրաբյանը հանդես եկավ ոգեշնչող խոսքով՝ խոսելով կրթության ուժի, պատասխանատվության և ներքին ազատության մասին։ Մեջբերելով Ժան Պոլ Սարտրին՝ նա ընդգծեց, որ «Մարդը դատապարտված է ազատության, բայց ազատությունը փախուստ չէ միջավայրից ու մարդկանցից, այլ՝ վերապրում, ներազդեցություն, պատասխանատվություն»։ Նրա խոսքում հնչեց նաև մի խորաթափանց մեջբերում Պողոս առաքյալից՝ սիրո և մարդասիրության անմար արժեքների մասին. «Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ, կլինեմ ինչպես մի պղինձ, որ հնչում է կամ ինչպես ծնծղաներ, որ ղողանջում են… Սերը համբերող է, քաղցրանում է… Սերը երբեք չի սպառվում… Մնում են հավատը, հույսը, սերը, սրանք՝ երեքը, և սրանցից մեծը սերն է»։ Այս խոսքերով էլ Արամ Մեհրաբյանը իր սրտի խորքից բարի երթ մաղթեց շրջանավարտներին՝ վստահություն հայտնելով, որ նրանք լինելու են այն փոփոխության կրողը, որը կդարձնի աշխարհն ավելի լուսավոր։