Համադպրոցական արշավ

Առաջին ուսումնական շաբաթվա վերջին օրը՝ սեպտեմբերի հինգը, ԴԿԴ–ի աշակերտների համար դարձավ անմոռանալի տպավորությունների ու միասին անցկացրած անկրկնելի պահերի օր, երբ բնության գրկում կազմակերպված արշավի ընթացքում վայելեցին դիլիջանյան բնության ջերմ ու գրավիչ միջավայրը, համատեղ հաղթահարեցին հորդ անձրևից առաջացած դժվարությունները և ստացան բազմաթիվ դրական լիցքեր։
Համադպրոցական արշավին, որ այս տարի արդեն երկրորդ անգամ էր կազմակերպվում, մասնակցում էին դպրոցի բոլոր՝ ավագ, միջին և տարրական օղակների աշակերտները՝ տնօրենության և ուսուցիչների ուղեկցությամբ։ Բնությանը մոտ լինելու, ծառ ու կանաչի շրջապատում միասին ժամանակ անցկացնելու, հնամենի վանքեր այցելելու հնարավորությունը մեծ ոգևորությամբ էր համակել բոլորին, ահա թե ինչու վերելքը դեպի 13-դարում կառուցված Ջուխտակ վանքեր ստացվեց արագ ու հեշտ, անգամ ամենափոքրերը՝ առաջին դասարանցիները, մեծ եռանդով բարձրացան անտառային խորդուբորդ ճանապարհով։
Որոշ ժամանակ անցկացնելով վանքերի մոտ՝ խաղացին, զրուցեցին, շփվեցին միմյանց հետ, ապա նույնքան առույգ վերադարձան ճանապարհի սկզբնակետ։ Փոքր–ինչ հանգստից և սնվելուց հետո պատրաստվեցին հաջորդ վերելքին՝ դեպի միջնադարյան Հայաստանի կարևորագույն հուշարձաններից մեկը՝ Մաթոսավանք։ Այս անգամ արշավականներին փորձություն էր սպասվում, հորդառատ անձրևը դժվարացնում էր երթուղին, ասես ստուգում նրանց տոկունությունը, սակայն խոչընդոտները հաղթահարվեցին միասնական ջանքերի շնորհիվ, ինչն է՛լ ավելի հիշարժան դարձրեց ճամփորդությունը։ Արշավից վերադարձան թրջված, հոգնած, բայց լի ժպիտով ու համախմբված օր ունենալու գոհունականությամբ։