Դիլիջանի կենտրոնական դպրոցի «Հայրենագիտություն» խմբակի շրջանակում աշակերտները պատմության ուսուցչի հետ մեկնեցին հերթական ուսումնական ճամփորդությանը։ 9-րդ դասարանցի Գայանեն կիսվում է իր տպավորություններով։
Մեր հերթական ճամփորդության ժամանակ մենք այցելեցինք Նորավանք, Շաքիի ջրվեժ, Տաթևի վանք և Խնձորեսկի Ճոճվող կամուրջ։ Նորավանքի վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին, Սուրբ Ստեփանոս և Սուրբ Գրիգոր եկեղեցիներից։ Այնտեղ մենք տեսանք հայ պատմագիր, աստվածաբան և կրոնական ու քաղաքական գործիչ Ստեփանոս Օրբելյանի դամբարանը։
Նորավանքի շքեղ և կարմրավուն տեսքից հիացած`շարժվեցինք դեպի մոտ 18 մ. բարձրություն ունեցող Շաքիի ջրվեժը։ Ջրվեժին մոտենալիս անմիջապես զգացինք մի հզոր ուժ՝ դրա ամբողջ հզորությունը, որն ակնթարթորեն պատեց մեզ։ Եվ հենց այդ վայրկյանին մեր դիմաց բացվեց ծիածանը։ Ջրվեժի հզորությամբ հափշտակված՝ բոլորս էլ հիանում էինք բնության կողմից կերտված և մեզ հասած այդ հրաշքով։
Հաջորդ կանգառը, և, թերևս, ոմանց կողմից ամենասպասվածը Տաթևի վանքն էր։ Սկզբում, երբ նայում ես հեռվից, միայն պարիսպներն են երևում, բայց պետք է պարզապես մի փոքր ևս առաջ գնալ և զմայլվել այդ համեստ, բայց և միաժամանակ բավականին ճոխ տեսարանով։ Վանքն իր պարիսպներով ամբողջովին ընկղմված էր կանաչապատ լեռների մեջ։
Երբ արդեն շարժվում էինք դեպի Խնձորեսկ, մտավախություններ կային, որ մառախուղ կլինի, և, ժամանելով այնտեղ, մենք դրանում համոզվեցինք։ Սակայն դա մեզ չկանգնեցրեց։ Մենք, ինչպես և պլանավորել էինք, անցանք կամրջի վրայով։ Հակառակ մեր կարծիքին, անցնելը բոլորովին էլ բարդ չէր։
Ընդհանուր առմամբ մենք շատ գոհ ենք այս ճամփորդությունից, որի ընթացքում մենք վերապրեցինք ամենատարբեր զգացողություններ։