Դիլիջանի կենտրոնական դպրոցն օրերս հյուրընկալել էր «Նարեկացի» արվեստի միության «Ռոտոնդա» թատերախմբին։ Թատերախումբը հյուրախաղերով շրջագայում է Հայաստանի տարբեր մարզերով և հանդիսատեսին ներկայացնում «Իմ սրտի տունը» խորհրդանշական անունը կրող պիեսը։ Այն մարդկային սրտում թաքնված զգացմունքների մասին է, ունի խոր բովանդակություն և մղում է մտորելու միմյանց հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի մասին։ Թատերախմբի դերասանական կազմը ներառական է, իսկ ներկայացման ուղերձը՝ շրջապատող աշխարհը սրտով ընկալելն ու միմյանց հետ բարությամբ հաղորդակցվելը։ Թատերական այս յուրօրինակ ներկայացմանը հրավիրված էին նաև Դիլիջանի մի քանի դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ, ովքեր ավարտական հատվածում ներգրավվեցին ներկայացման ինտերակտիվ մասին՝ իրենց սրտի խոսքն արտահայտելով և իրենց մասնակցությամբ փոխանցելով միասնականության, համերաշխության և բարության լիցքեր։
Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ կրթությունը միայն գիտելիք չէ․ այն նաև մարդկային արժեքների դաստիարակություն է, իսկ թատրոնը՝ դրանց ամենաազդեցիկ արտահայտման ձևերից մեկը։


