Համահավաք տպավորություններ
Դիլիջանի կենտրոնական դպրոց, 4-րդ դասարանցիներ
Մի գեղեցիկ օր, մեր ուսուցչուհին և մեր ողջ դասարանը որոշեց այցելել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։ Մենք նստեցինք ավտոբուս և ուղևորվեցինք դեպի Երևան։ Ճանապարհին տարբեր խաղեր խաղացինք, երգեցինք, կրկնեցինք այբուբենի թվային արժեքները։ Երբ հասանք Մատենադարան, մուտքի մոտ տեսանք գրված ՌՋԾԷ տառերը, որոնք թվերի վերածելիս ստացվում էր 1957։ Դա Մատենադարանի նոր շենքի ստեղծման տարեթիվն էր։
Մենք այնտեղ տեսանք բազմաթիվ ձեռագրեր, նայեցինք մի ուսուցողական տեսանյութ, որտեղ ներկայացված էր, թե ինչպես են ստեղծվել պապիրուսը, մագաղաթը, թուղթը, թանաքը, իմացանք, որ կանաչ ընկույզի կեղևից ստացել են սև գույնը, թե որքան որդան կարմիր է անհրաժեշտ եղել մեկ գրամ որդան կարմիր ներկ ստանալու համար։ Տեսանք նաև հետաքրքիր գործիքներ, որոնք օգտագործում էին գրագրության ժամանակ՝ պնակը, տողաշարը, փետուրից, եղեգից պատրաստված գրիչները, կոկիչը, որով հարթեցնում էին մագաղաթը․․․
Այս ամենը տեսնելուց հետո խաղացինք տեսանյութին վերաբերող «Ալիաս» խաղը։
Այն ամենը ինչ տեսանք տեսանյութի մեջ, տեսանք նաև իրականում՝ ամենամեծ գիրքը կշռում էր 28 կգ, իսկ ամենափոքրը՝ 19 գրամ։ Տեսանք նաև փղոսկրի կազմով մի գիրք, որից աշխարհում երեք հատ կա՝ Իտալիայում, Փարիզում և Երևանում։ Շա՜տ ձեռագիր գրքեր տեսանք։
Մատենադարանից հետո գնացինք տառերի հետքերով դեպի Օշական։
Եկեղեցում տեսանք Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը, Տերունական աղոթքն ասացինք, կարդացինք առաջին հայատառ արտահայտությունը, իսկ մեր դասարանի Ռաֆայելն էլ այբուբենի տառերով աղոթքն ասաց։ Այնուհետև նկարվեցինք մեր անվան առաջին տառերի մոտ և տպավորություններով ու տեղեկություններով լի վերադարձանք տուն և մեր տեսածի ու լսածի մասին պատմեցինք մեր ծնողներին։

