Հունիսի 1-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցում հերթական անգամ հնարավորություն ունեցանք լսելու երեխաների ձայնը, հիանալու նրանցով և ևս մեկ անգամ համոզվելու, որ ճշմարտությունն իսկապես խոսում է մանկան շուրթերով։ Այդ օրը բեմում էին դպրոցի հինգերորդ դասարանի աշակերտները։ Նրանք ներկայացրին Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» գրքի հիման վրա բեմադրված ներկայացումը։ Սա պարզապես ներկայացում չէր։ Սա մի ճանապարհ էր, որն անցել էին երեխաները՝ բացահայտումների, հույզերի, արժևորման, պատասխանատվության ու սիրո ճանապարհ։ Մենք միասին անցանք այդ ճանապարհը՝ սիրով, մտորումներով և անկեղծությամբ։ Այս ներկայացման միջոցով փորձեցինք ևս մեկ անգամ մեծահասակներին հիշեցնել, որ յուրաքանչյուրիս ներսում ինչ-որ տեղ ապրում է մի Փոքրիկ իշխան, և շատ կարևոր է նրան պահպանել, փայփայել ու երբեք չմոռանալ նրա մասին։


