«Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ եմ․․․»․ Թումանյանի խոսքերն են, որ դարձել են իրականություն և ուղեկցում են մեզ մշտապես, ու ամեն տարի մեծ բանաստեղծի ծննդյան առթիվ կազմակերպված միջոցառումները լինում են ամենասպասվածն ու ցանկալին, տոնական տրամադրություն հաղորդում դպրոցական առօրյային։ Այս տարի էլ փետրվարի 19-ը թումանյանական էր անգամ առցանց տարբերակով անցկացված դասերին․ ամենայն հայոց բանաստեղծի ստեղծագործություններով սկսվեցին ուրբաթօրյա դասերը բոլոր դասարաններում, ապա թումանյական շունչը զգացվեց երկուշաբթի, երբ աշակերտներն ու ուսուցիչները դպրոց ներկայացան սիրելի գրողի ամենատպավորիչ ու վառ հերոսների կերպարներով․ Քաջ Նազարներ, Անբան Հուռիներ, գող փիսոներ, պոչատ աղվեսներ ու էլի շատ ու շատ հերոսներ աշխուժությամբ էին համակել բոլորին։ Ոգևորությունը կրկնապատկվեց, երբ հայտարարվեց միմյանց գիրք նվիրելու, ապա համատեղ ընթերցանություն սկսելու մասին։ Գրքերի գունագեղ աշխարհում յուրաքանչյուր ոք մի նոր բացահայտում կատարեց, իսկ ուսուցիչների մատուցած անակնկալը՝ սիրված երգերի կատարումները հաճելիորեն զարմացրին և՛ կրտսեր դպրոցի, և՛ միջին դպրոցի աշակերտներին։ Հետաքրքիր օրվա եզրափակումը դարձավ Հ․ Թումանյանի կենսագրության և ստեղծագործությունների շուրջ անցկացված վիկտորինան, որին մասնակցեցին դպրոցի 3-րդ և 4-րդ դասարանների աշակերտները։
Ահա այսպիսին էր Հ․ Թումանյանին նվիրված համադպրոցական միջոցառումը, որ անցավ բավականին ջերմ ու աշխույժ մթնոլորտում։