Դիլիջանի կենտրոնական դպրոցում հուլիսի 10-ին կայացած ավարտական միջոցառումը կրթօջախի 9-րդ սերնդի շրջանավարտների համար ազդարարում էր այն իրողությունը, որ արդեն հաջողությամբ հաղթահարված է միջին դպրոցի շրջափուլը, և բացվում է նոր ուղի դեպի ավագ դպրոց։

Ավարտական հանդիսությունը մի հարկի տակ էր կրկին հավաքել դպրոցի ներկա և նախորդ շրջանավարտների, տարբեր դասարանների աշակերտերի, ուսուցիչների, ծնողների, ինչպես նաև հյուրերի, ովքեր իրենց ներկայությամբ և ջերմ խոսքերով ոգևորեցին ավագ դպրոց մուտք գործելու պատրաստվող շրջանավարտներին։

Ինչպես նշեց «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը, շրջանավարտների այս սերունդը յուրօրինակ նշանակություն ունի ԴԿԴ-ի համար, քանի որ հենց նրանք էին դպրոցի առաջին ամենափոքրիկները՝ առաջին դասարանցիները, ովքեր իրենց ուղին սկսեցին ու հասակ առան դպրոցի հետ միասին։

Դպրոցի տնօրեն Նաիրա Դալուզյանի համար էլ այս հանդիսությունը ամենահուզիչն էր, քանի որ հենց առաջին դասարանից, ստանձնելով այս սերնդի համար առաջին ուսուցչի դերը, մշտապես հետևել է նրանց առաջընթացին՝ նրանցից յուրաքանչյուրի մեջ տեսնելով պատասխանատու, նախաձեռնող, շրջահայաց և բարեխոհ անհատների, ովքեր հետագայում էլ կշարունակեն լինել դպրոցի սերմանած արժեքների կրողը։

ՀՀ ԿԲ-ի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի տնօրեն, ԴԿԴ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Նուրբեկյանն էլ ներկաների ուշադրությունը հրավիրեց շրջանավարտների ընտրած կարգախոսներին՝ նշելով, որ այդ կարգախոսներում պարզորոշ զգացվում է նրանց նպատակասլացությունն ու հաջողության հասնելու մեծ ցանկությունը։

Ավարտական հանդիսությանը եզրափակվեց վկայականների հանձնմամբ և ավանդական շուրջպարով։

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք մեր 9-րդ շրջանավարտներին և սպասում նրանց մեծ հաջողություններին: Բարի՜ երթ․․․

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed