Շրջանավարտների օր

 

Սեպտեմբերի 25, 2022 թվական։ Աշնանային կիրակի։ Դիլիջանի կենտրոնական դպրոցի բակում աշխուժություն է, եռուզեռ. ծառատունկ է՝ դպրոցի տասնամյակին ընդառաջ կազմակերպված միջոցառման շրջանակում։ 

Հավաքված են տարբեր տարիների շրջանավարտներ, աշխատակիցներ, հյուրեր։ Ինը տարում ունենք իննսունինը շրջանավարտ:

Գրկախառություն, զուսպ հումոր, կարոտած հայացքներ՝ սիրելի ուսուցիչներին ու դասընկերներին: Միջոցառման նպատակները մի քանիսն են՝ կազմակերպել ոչ միայն հանդիպում ուսուցիչների և դասընկերների հետ, ջերմ հուշերով վերադառնալ մանկություն, այլև բոլորիս համար ծանր օրերին անհրաժեշտաբար համախմբվել հարազատ դպրոցում, անձի, ես-ի ինքնակատարելագործումից հասնել մենք-ի միասնական ուժին:

Միջոցառումը վարելիս իր գեղարվեստական խոսքում ընկեր Ալվարդը վերարժևորեց կրթության կարևորագույն դերը ժամանակի հարափոփոխ ընթացքում, մաղթեց ուժ և կորով սահմանին կանգնած շրջանավարտ զինվորներին և հույս հայտնեց, որ նոր սերունդը գիտակից, կիրթ ու հայրենատեր է մնալու: Անկաշկանդ, ջերմ միջավայրում լսվեցին ընկեր Գրիգորի և հոգեբան ընկեր Մարինայի ելույթները, հնչեցին դպրոցի զարգացման առաջարկներ և ավագ շրջանավարտների կողմից խորհուրդներ կրտսեր ընկերներին: Տնօրեն ընկեր Նաիրայի արձանագրմամբ՝ այսուհետ սեպտեմբերի 25-ը կհամարվի «ԴԿԴ Շրջանավարտի օր», և դպրոցը սիրով և գրկաբաց ծնողի պես իր դռները կբացի բոլոր տարիների շրջանավարտների առաջ:

Միջոցառման ընթացքում ծնվեց նախադեպը չունեցող գաղափար՝ ստեղծել ԴԿԴ Շրջանավարտների միավորում և պարբերական հավաքույթներում ունենալ արդյունավետ մենթորական և դպրոցանպաստ գործունեություն: Լիահույս ենք, որ դպրոցի հիմնադրման տասնամյակի օրերին կունենանք խաղաղ երկինք և մեր մայր հայրենիքում կշարունակենք հպարտանալ մեր սաների նորանոր ձեռքբերումներով:

Իբրև ամփոփում՝ դպրոցի բակի պատերը գունավորվեցին այն ութ սկզբունքներով, որոնցով առաջնորդվում են ԴԿԴ աշակերտները՝ իրենց միջավայրը և աշխարհը ավելի լավը դարձնելով:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed