Ամբողջական կրթություն
Դիլիջանի կենտրոնական դպրոցը հանդիսանում է «Այբ» համակարգի դպրոց:
«Այբ»-ն ամբողջական կրթության միջավայր է: Համադրելով համաշխարհային կրթության առաջատար ձեռքբերումները և հայ դպրության լավագույն ավանդները, առաջնորդվելով լավագույնը վերցնելու սկզբունքով` մենք հնարավորություն ենք ընձեռում աշակերտներին՝ լիարժեքորեն իրագործելու սեփական ներուժը և մրցունակ լինելու համաշխարհային կրթական դաշտում: «Այբ»-ի նպատակն է ձևավորել համակողմանի զարգացած, հոգեպես հարուստ (առաքինի) և առողջ անհատների, ովքեր ջանում են հասնել սեփական մտածողության, ապրումների և գործերի ներդաշնակության, ովքեր հետամուտ են ամբողջական լուծումների և տեսնում են սեփական ճիգերի, ձեռքբերումների, բացահայտումների իմաստն ընդհանուր պատկերի մեջ: Ամբողջական կրթության սկզբունքի իրագործման համար մենք ապահովում ենք՝
- գիտությունների, հումանիտար առարկաների և արվեստների համադրություն.
- խոսելու և գրելու (ինքնարտահայտման) կարողությունների զարգացում.
- միջառարկայական սինխրոնացում և ծրագրահեն ուսուցում.
- գեղեցիկի ճանաչողություն` արվեստների ուսուցմամբ.
- ֆիզիկական կրթություն, սպորտ և առողջ ապրելակերպի դաստիարակություն.
- հանրային շահի գիտակցման ձևավորում` թիմային ծրագրերի և հանրային աշխատանքների միջոցով։
Խորացված կրթություն և ստեղծագործ ակտիվություն
«Այբ»-ը ստեղծագործ միջավայր է: Մենք ընձեռում ենք յուրաքանչյուր առարկա խորությամբ ուսումնասիրելու և ստեղծագործելու հնարավորություն` առանց կրթության համակողմանիության սկզբունքը խախտելու: Մենք ձգտում ենք առավել լայն բացելու մարդու ստեղծագործական ներուժը, օգնելու նրան դրսևորվել, հասնել օբյեկտիվ ինքնագնահատման և հաջողություններ արձանագրել իր նախընտրած առարկաների մեջ: Մեծ ուշադրություն է դարձվում լեզուների ուսուցմանը և աշակերտների խոսելու և գրելու կարողությունների զարգացմանը: Խորացված կրթության սկզբունքն իրագործելու համար մենք ապահովում ենք՝
- առարկայական խմբակներ.
- ստեղծագործական ակումբներ.
- անհատական և խմբային ծրագրեր։
Արժեքներ
«Այբ»-ն արժեքներ հարգող և սերմանող միջավայր է: Մեր նպատակն է ձևավորել ոչ միայն գիտելիքներով զինված մարդ, այլև բարոյապես մաքուր, սեփական ինքնությանը հաղորդ, պատկանելության և պատասխանատվության գիտակցություն ունեցող քաղաքացի: Սեփական արժեքների գիտակցումը և բարոյական սկզբունքների ձևավորումը միակ գրավականն է մարդու իրագործման և անհատ-հասարակություն արդյունավետ փոխհարաբերության: Որպես հայկական դպրոցի մոդել՝ մենք փորձում ենք վերակենսագործել սրբոց Թարգմանչաց գործը մեր օրերում և երբեք չենք առանձնացնում մեր ազգային-հոգևոր արժեքները համամարդկային համատեքստից: Սրբոց Թարգանչաց շարժման մեծագույն ավանդներից է համամարդկայինին հաղորդ լինելը, համամարդկայինը քոնը դարձնելը և քեզ մեծ պատկերի մեջ տեսնելը: Կրթության արժեքային հիմքը ապահովելու նպատակով մենք կազմակերպում ենք՝
- աշխարհայացքային զրույցներ և քննարկումներ.
- ուխտագնացություններ.
- սոցիալական ակտիվություն և ծառայություն.
- էկոլոգիայի և բնապահպանության միջոցառումներ.
- փոխօգնության և փորձի փոխանակման ծրագրեր։
Համայնք
«Այբ»-ի ամենամեծ հարստություններից մեկը նրա շուրջ համախմբված մարդիկ են: Միավորելով կրթությամբ կայացած և կրթության մեջ ներդրում կատարելու ցանկություն ունեցող մարդկանց` «Այբ»-ն այսօր աշխարհով մեկ սփռված վառ անհատների համայնք է, ովքեր պատասխանատվություն են ստանձնել՝ նոր սերնդին կրթությամբ իրագործվելու հնարավորություն տալու: Նրանց նյութական ներդրումների և ջանքերի, փորձառության և անցած ճանապարհի եզակիության շնորհիվ այսօր ստեղծվում է հայ նոր դպրության մի զարմանալի միջավայր իր բովանդակային, համակարգային, միջավայրային լուծումներով: Նրանց ներկայությունը դպրոցում անգնահատելի կերպարային ազդեցություն է թողնում աշակերտների վրա և տալիս կրթությամբ կայանալու և բարձունքների հասնելու վստահություն: «Այբ»-ի ծրագրին մասնակից մարդկանց այս բացառիկ ցանցն այսօր գործում է նաև որպես մենտորական հզոր համակարգ, ուր ամեն մեկը, օգտագործելով իր գիտելիքը, փորձն ու կապերը, նպաստում է նոր տաղանդի բացահայտմանն ու զարգացմանը, այն համոզմամբ, որ կյանքում կայանալուց հետո նա էլ ձեռք կմեկնի իրենից հետո եկողներին: Համայնքի հետ աշակերտների կապն ամրապնդելու նպատակով կազմակերպվում են տարբեր ձևաչափի միջոցառումներ, հանդիպումներ և քննարկումներ:
Միջավայր
Կրթական միջավայրի նախագծումը նրբագույն խնդիր է: «Նոր գինին նոր տիկի մեջ» ավետարանական սկզբունքն արտահայտված է մեր ճարտարապետական լուծումներում: Երկար տարիներ աշխատելով Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի և Հարվարդի համալսարանի առաջատար ճարտարապետների ու գիտնականների հետ՝ մենք որոնել ենք այն գաղափարական միջավայրը, որը համահունչ է մեր կրթական փիլիսոփայությանը: Մենք ձգտել ենք ստեղծել այնպիսի կրթական տարածություն, որը համակում է ապագայի հասանելիության զգացումով, բացում մարդու ներուժը` տրամադրելով սովորելու և արարելու: «Ստորակետ» ճարտարապետական ստուդիայի բացառիկ նախագծային լուծումները վերջնական մարմնավորման ենթարկեցին «Այբ»-ի կրթական գաղափարը: Դպրոցը զինված ու համալրված է ստեղծագործ գաղափարների իրականացմանն անհրաժեշտ ժամանակակից տեխնոլոգիաներով, որպեսզի մեր աշակերտները համաքայլ ընթանան արագորեն զարգացող գիտությանը և իրական ժամանակում փորձարկեն ու բացահայտեն ստացած գիտելիքները: