Ապրիլի 26-ին Դիլիջանի Երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ Դիլիջանի կենտրոնական դպրոցի կողմից իրականացվող Արվեստի նախագծերի ցուցադրության բացման արարողությունը։ Ցուցադրությանը ներկայացվեցին մոտ մեկ տարվա ընթացքում աշակերտների կողմից ստեղծված արվեստի աշխատանքներ, ընդ որում՝ ցուցադրությունը ներառում էր արվեստի տարբեր ճյուղեր՝ բեմարվեստ, կերպարվեստ, դիզայն, երաժշտություն։
Բացմանը ներկա էին ոչ միայն դպրոցի ուսուցիչները, սաներն ու նրանց ծնողները, այլև բազմաթիվ հյուրեր։ Դպրոցի նորաստեղծ «2․20» երաժշտական խումբը հանդես եկավ մի քանի հայտնի երգերի յուրօրինակ մշակումներով, ներկաների ջերմ ծափողջույններին արժանացավ նաև բեմարվեստի սաների «Ստվերների խաղ» ներկայացումը, իսկ ցուցահանդես-վաճառքի համար ներկայացված դեկորատիվ ինքնատիպ աշխատանքները, կավե իրերը, ճարտարապետական հորինվածքներն ու գունագեղ նկարները հիացմունք պատճառեցին միջոցառման այցելուներին․ չէ՞ որ դրանք արվեստի աշխարհ մուտք գործելու բավական խոստումնալից սկիզբ են նախանշում ԴԿԴ շնորհալի աշակերտների համար։