ՆԱԽԱԳԻԾ՝ «Թղթիկ Սասնա ծռին»․ նամակ

  1. Գլխավոր
  2. ՆԱԽԱԳԻԾ՝ «Թղթիկ Սասնա ծռին»․ նամակ

ՆԱԽԱԳԻԾ՝ «Թղթիկ Սասնա ծռին»․ նամակ ԴԿԴ ուսուցիչ Ալվարդ Սաֆարյան

Գրական ամեն կերպար մարդկային բնավորության գծերի խտացում է, ինչպես նաև անհատականության և տիպական նշանակության բացահայտում:

Հայի էպոսը հայ ձևավորելու լավագույն ուղին է այսօր առավել ևս, քանի որ «Սասնա ծռեր»-ի հերոսները ազգի զավակների մտածողության, բնավորության ու վարքագծի խտացված կերպարներ են։ Վարքագծի որոշակի հատկանիշներ պիտի ոչ թե սոսկ ճանաչելի, թվարկելի լինեն աշակերտ-ընթերցողի կողմից, այլ օրինակելի (մերժելի) և կրելի որակներ դառնան մեր օրերում։ Իսկ ինչպե՞ս ապահովել կապ ընթերցողի և նրան հարազատ հերոսի միջև, ինչո՞վ նպաստել աշակերտի՝ իրեն հուզող հարցերը ձևակերպելու կամ դրանց պատասխանը ստեղծագործաբար գտնելու կարողությունների զարգացմանը, ինչպե՞ս հերոսի միջոցով ազդել ընթերցողի մտածողության և արժեքային համակարգի ձևավորման վրա, ո՞ր որակները դարձնել գնահատման, քննադատման առարկա և ինչու՞։ Այսպիսի հարցերը ուսուցչին մղում են ընտրելու նախագծային աշխատանքի նպատակահարմար եղանակ և ակնկալելու վերջնարդյունք։ Չէ՞ որ մեր խառնակ ժամանակները մոլոր են, և պետք է կառչել սերնդին մնայուն և անկեղծ արժեքներով առաջնորդելու հնարավորությունից։

Այս և առարկայական այլ խնդիրներով ու նպատակներով սկսեցինք «Թղթիկ Սասնա ծռին» նամակի շարադրման նախագծային աշխատանքները։ Ընթացքը կազմակերպվեց երկու փուլով՝ նախ էպոսի ընթերցում և ըստ նախապես հանձնարարված ուղղորդող ենթավերնագրերով ներկայացում սահիկաշարով, ապա՝ առանձին թեմատիկ ուսումնասիրությամբ այդ շարադրանքի վերածում նամակի՝ ուղղված մեկ հերոսի։ Ընդ որում՝ անհրաժեշտ էր պահպանել նամակի կառուցվածքը՝ ողջույնի հետաքրքիր խոսք, գրելու շարժառիթ և նպատակ, ասելիքի ընդարձակում, բարձրաձայնել առնվազն մեկ կարևոր հարց՝ էպոսում և այսօր նկատվող, ինչպես նաև ամփոփել ինքնատիպ շնորհակալությամբ։

Ի վերջո, կերպարը լիարժեք բացահայտվում է նաև նրա հետ ներքին խոսքի կամ մենախոսության ընթացքում, իսկ նամակը այդ հնարավորությունը տալիս է։ Ընթերցող-աշակերտը մենակ է իր անձի հետ և լիովին անկեղծ թե՛ հերոսին հարցադրումներ անելիս, թե՛ ընտրած կերպարի փոխարեն ստեղծագործաբար պատասխանելիս:

Քանի որ այս նախագիծը նաև համադպրոցական միջոցառման մաս էր կազմում, կրթական միջավայրը ապահով էր, իսկ մթնոլորտը՝ հագեցած հերոսավեպի ուսումնասիրման միջառարկայական բազմազանությամբ։

ԴԿԴ աշակերտները մեր ժողովրդական էպոսի ճանաչումը սկսեցին՝ ուսումնասիրելով և բացահայտելով էպիկական գործողություններին սերտորեն առնչվող որոշակի արժեքների առկայություն ա) էպոսում և բ) այսօր, ինչպիսիք են՝ մեծի հանդեպ հարգանքի, մեծահոգության և ներելու, վրիժառության և վախկոտության դրսևորումները, ընտանեկան սիրո, հոգածության և խնամքի, միամտության և դյուրահավատության, նենգության և խաբեության արտահայտումը, քրիստոնյա հայի շնորհակալության, բարու հիշատակության կարևորումը, ինչպես նաև հանուն խաղաղության սպառազինվելու կամքը։

Ուսուցչի կողմից ահա այսպիսի բազում թեմաներ առաջարկվեցին աշակերտներին, որպեսզի ճյուղերն ընթերցելուց հետո աշխատեին նախընտրած թեմայի և մեկ հերոսի ուսումնասիրման շուրջ։ Սահիկաշարի ներկայացմամբ զարգանում են բանավոր և գրավոր

խոսքի կառուցման կարողությունները, միտքը գրառելու և խմբագրելու, գործնականում կետադրելու, ինչպես նաև մեդիա հմտությունները, մյուս կողմից ձևավորվում են սովորողի անձնային նկարագիրը և արժեհամակարգը։

Այսպիսի աշխատանքը վկայում է, որ առկա է տարբերակված ուսուցում, այն բխում է ուսումնառության բովանդակությունից, տրվող առաջադրանքները ձևավորվում են՝ հաշվի առնելով սովորողի անհատական առանձնահատկությունները, հետաքրքրությունները, պահանջները, կարողությունները, ինչն էլ ընկած է չափորոշչային պահանջների հիմքում։ Այն աշակերտին տվեց թեմայի և հերոսի ազատ ընտրության հնարավորություն և մղեց պատասխանատու լինելու աշխատանքը բարելավված որակով ավարտին հասցնելիս։ Բնագրային փոքրիկ մեջբերումները նպատակային էին, եզրակացությունները՝ կապված իրենց կյանքի ու փորձառության հետ։ Ըստ ցանկության՝ աշակերտների նամակին կից ներկայացրել էին նաև անհատական թեմաներին առնչվող նկար-խորհրդանշաններ։ Վերջնարդյունքը գոհացնող էր, առանձին աշխատանքներ՝ մտածելու տեղիք տվող, ինքնատիպ և ցուցադրելի։

Ստորև բերում ենք նախագծի ներկայացման և նամակների վերջնական տարբերակները։

Նախագիծ՝ ՆԱՄԱԿ՝ «Թղթիկ Սասնա ծռին»

Նպատակը՝ Տեքստի խմբագրում, լեզվական գիտելիքների կիրառում, արժեքային համակարգի ձևավորում

Խնդիրը՝ Կապ գրական հերոսի և ընթերցողի միջև, ուսումնասիրած նյութի վերաբերյալ ինքնուրույն խոսքի շարադրման և խմբագրման հմտություններ

Դասարան՝ 8-րդ

Միջառարկայական կապը՝ «Հայոց լեզու», «Գրականություն», «ՏՀՏ»

Տևողությունը՝ մեկ ամիս

Ներկայացումը՝ տպագիր շարվածք /1500-3000 տառ/, տառատեսակը՝ նախընտրելի ձեռագիր

Առցանց և առկա խորհրդատվություն՝ նոյեմբերի 10, 20 և 30-ին, հանձնումը՝ 6․12․2023։

Գնահատման սանդղակ

Ա․ Սահիկաշար՝ լրամշակված և ստուգված,

Բ․ 1․ Նամակի շարադրանքի կառուցվածք – 20 մ․ 2․ Ինքնուրույնություն և անկեղծություն (նաև հղումներ տալը)- 40 մ․

3․ Փաստարկված խոսք (կապը իրականության հետ և տրամաբանված հիմնավորումներ)-20 մ.

4․ Գրագետ շարադրանք – 20 մ․

Նամակներ

Թղթիկ Սասնա ծռին

 

21-րդ դարից ողջունում եմ քեզ, սիրելի՛ Խանդութ։

 

Գրում եմ քեզ իմ հիացմունքը քո նկատմամբ արտահայտելու համար։

Ես շատ եմ լսել և կարդացել քո մասին, թե ինչպիսին ես դու։ Ես գիտեմ, որ դու շատ քաջ, խելացի և հավատարիմ հայ կնոջ կերպար ես, դու քո խելքով և քաջությամբ չես զիջում քո ամուսնուն։ Մեր ժամանակներում շատերն են ուզում լինել քեզ նման խելացի, համարձակ և քաջ։ Ինձ հիացնում է հատկապես այն, որ դու ինքդ կատարեցիր Դավթին հանդիպելու առաջին քայլը։ Զարմացա, որ այդպես ևս հնարավոր է մարդու ճանաչել։ Նույնիսկ մենամարտեցիր նրա դեմ, և դու այդ ամենը արեցիր քո սիրո և ապագայի համար։ Դա ինձ համար շատ կարևոր քայլ էր, ոգեշնչող, հիացմունք առաջացնող քայլ։ Դու ոգեշնչում ես մեր սերնդի բոլոր կանանց և աղջիկներին քո հերոսական հատկանիշներով։

Ուզում եմ քեզ մի հարց տալ․ ի՞նչ էիր զգում Դավթի դեմ մենամարտի ժամանակ։ Իմ կարծիքով՝ եթե ուրիշը լիներ քո փոխարեն, կվախենար կամ նույնիսկ չէր գնա մենամարտի, իսկ դու գնացիր և ցույց տվիր քո ուժը Մտածում եմ՝ որքան կարևոր է եղել քո ցանկությունը, որ քեզ արժանի ամուսին ունենաս․ ինչպես դու ես էպոսում ասում․ «Առյուծն առյուծ է՝ լինի էգ, թե որձ»։ նձ թվում է՝ դու լարված էիր այդ պահին։ Երևի շատ կարևոր է, որ ամուսնանալուց առաջ ճանաչես քո ընտրյալի բնավորությունը, ուժը կամ տկարությունը։ Գուցե դրա համար դու ծպտված ասպետի տեսքով գնացիր Դավթի հետ մենամարտելու։ Չնայած դու պարտվեցիր, բայց ցույց տվեցիր քո քաջությունը և խիզախությունը այդ մենամարտի ժամանակ, դա էր իրական հաղթանակը։ Չնայած ես արդեն տվեցի այդ հարցի պատասխանը, կուզեի, որ դու ևս մտածես դրա շուրջ։ Երևի Սասնա Դավթի համար էլ կարևոր էր իրեն հավասար կին ունենալ իր կողքին։ Այո՛, առյուծն առյուծ է՝ լինի էգ թե որձ։ Կեցցես, որ դիմացար ու սպասեցիր, մինչև Դավիթը վերադարձավ օտարությունից։

 

Սիրով՝ Անահիտ, 21-րդ դար

Բարև, սիրելի՛ Դավիթ: Քեզ գրում է Արեն Պապյանը Դիլիջանից։

 

Մեր այսօրվա դասը արդարության մասին էր, և ես ակամայից հիշեցի քեզ: Քո արդար ու ազնիվ բնավորության շնորհիվ հաղթեցիր թշնամուն և քո երկրին տեր կանգնեցիր: Դու քո օրինակով մինչ օրս բազմաթիվ սերունդներ ես կրթում: Այդ սերնդի մի ներկայացուցիչն էլ ես եմ:

Կարդալով քո սխրագործությունները՝ հոգուս մեջ արթնանում է ուժեղ կամք, արդար պայքար, ազնվություն ու ուժ ունենալու ցանկություն: Ես էլ կուզեմ քեզ նման քաջ ոււ անվախ լինել և հարկ եղած դեպքում պաշտպանել իմ հայրենիքը, ընտանիքը, հարազատներիս ու

ընկերներիս:

Մեծ ցանկություն ունեմ քեզ տեսնելու, ընկերանալու քեզ հետ և լսելու քո խրատները: Բայց ափսոս, որ միայն էպոսի միջոցով ենք ծանոթանում քո սխրագործություններին և հնարավորություն չունենք անմիջական շփման: Ինչևէ, կարևորն այն է, որ քո հերոսությունները խթանում են մատաղ սերնդի մեջ ձևավորելու հայրենասիրության մեծ գաղափարներ:

Չգիտեմ գիտե՞ս, թե՞ ոչ՝ քո մասին այսպիսի տողեր ունի մեր մեծ բանաստեղծ Թումանյանը.

Էս որ պատահեց, մեր Դավիթ հըսկան

Մի մանուկ էր դեռ յոթ֊ութ տարեկան․

Մանուկ եմ ասում, բայց էնքան ուժեղ,

Որ նըրա համար թե մարդ, թե մըժեղ։

Կարդում եմ այս տողերը և զարմանում, թե ինչպես է եղել, որ այդքան փոքր հասակից ունեցել ես գերբնական ուժ: Եթե նամակս կարդում ես, անպայման պատասխանի՛ր այս հարցին: Այս հարցի պատասխանը շատ եմ ուզում շուտ ստանալ, որովհետև հիմա իմ հայրենիքը քո նմանների կարիքը շատ ունի, և միայն դու կարող ես օգնել՝ ազնիվ ու արդար պայքարով ետ բերելու մեր կորցրածը և պաշտպանելու մեր երկրի անվտանգությունը: Փոխանցի՛ր, խնդրում եմ, քո գերբնական ուժը և անկոտրում կամքը իմ սերնդակիցներին: Այդպիսով դու օգնած կլինես, որ մենք մեզ կփրկենք անօրեն թշնամիներից և երկիր կորցնելուց: Իմանալով քո պատմության մասին՝ ինձ գրավեցին նաև քո զենքերը՝ Թուր Կեծակին, Խաչ պատերազմին: Գիտե՞ս, մեր օրերում չկան այդպիսի զենքեր: Մեր զենքերը հիմա ունեն նոր անուններ՝ նռնակ, հրացան,ռումբ ․..

Սիրելի՛ Դավիթ, երբ կարդում էի էպոսը, քո պատկերը ուրվագծվում Էր աչքերիս առաջ, և փորձում էի քեզ ընկալել այնպես, ինչպես եղել ես…. Ես քեզ տեսնում էի խարտյաշ ու գանգուր մազերով, կրակոտ աչքերով ու փոքր-ինչ արծվաքիթ, բարձրահասակ ու թիկնեղ….. Ես գրեթե բոլոր հերոսներին այդպես եմ տեսնում…

Ուզում եմ իմանաս, որ մենք անցանք պատերազմի միջով և շատ երիտասարդ տղաներ կորցրեցինք…. Երանի Նրանք էլ քո ժամանակների նման գերբնական ուժ ունենային և չզոհվեին… Նրանք էլ քեզ նման պայքարում Էին հանուն մեր հայրենիքի ու հանուն ազատության, բայց, ավաղ, բոլորս էլ գիտենք, որ ազատության «գինը» շատ թանկ է….

Ես քեզ հետ ուզում էի խոսել նաև մի կարևոր հարցի շուրջ: Դա կռվից առաջ աղոթք կարդալն է: Երբ դուք պատերազմել եք, առաջնորդվել եք «Հացն ու գինին, Տեր կենդանին» աղոթքով, և դա ձեզ ուժ է տվել: Այսօր մենք էլ, մեր հերոսներն էլ Տերունական աղոթքով են մարտի գնում:

Սիրելի՛ Դավիթ, նամակս ուզում եմ ավարտել մի հարցադրումով.

Դու մահից չէի՞ր վախենում, երբ միայնակ թշնամու դեմ էիր ելնում….

Թղթիկ Սասնա Ծռին

 

Հարգելի ՛ Գոհար, ողջունում եմ Ձեզ։

Նախկինում երբեք չէի մտածի, որ կկարողանամ նամակ գրել միջնադարում ապրած ինչ-որ մեկին, այն էլ գրքի հերոսի։ «Սասնա Ծռեր» էպոսը կարդալուն պես մեծ հետաքրքրություն առաջացավ դիմել և ինձ հուզող հարցը բարձրացնել։ Երբ Դուք դեռ չէիք ճանաչում Ձեր ամուսնուն կամ միգուցե հեռակա մի փոքր ճանաչում էիք, գիտեի՞ք, որ նա իր հոր հետ կռվել է, մարտի է մտել, որի արդյունքում Դավիթն անիծել էր որդուն՝ Ձեր ամուսնուն՝ ասելով, որ անժառանգ մնա։ Դուք ամուսնացաք։ Բայց երեխա չունեցաք։ Ինչքան էլ ուզենայիք, դա չէր ստացվելու, քանի որ Մհերի հոր անեծքը կատարվել էր։

Բուն հարցս սա է․ ցանկանում եմ իմանալ, եթե Դուք իմանայիք, որ չեք կարողանալու երեխա ունենալ, որ ձեր ամուսնանալը բերելու է վատ բանի, ապա կամուսնանայի՞ք Մհերի հետ։ Ձեր ամուսնությունից հետո կործանվեցիք և՛ Դուք, և՛ Ձեր ամուսինը՝ Մհերը։ Կամուսնանայի՞ք Մհերի հետ, եթե ի սկզբանե իմանայիք, որ անզավակ եք մնալոի, և Սասնա տոհմը ժառանգ չի ունենալու։

Ուրախ կլինեի՝ որևէ պատասխան ստանալով։ Երևի դա այնքան էլ հեշտ չի լինի։

Խորին հարգանքով՝ Արմինա Հովհաննիսյան, 8-րդ դասարան

03.12.2023թ․, Դիլիջան

Նամակ Ծովինարին

Ծովինա՛ր, դու երևի ամենամեծարված կինն ես, քանի որ ցանկացար կնության հանձնվել խալիֆին՝ կամավոր փորձելով փրկել հայրենիքը, և դու ծնեցիր երկու «առյուծների», ովքեր հետո չուրացան Կաթնաղբյուրից խմած ջուրը, իսկ մենք չենք մոռանում քո մեծացրած երկվորյակ եղբայրներին, որոնց օտարության մեջ հայ էիր պահել։ Նաև դրա համար դու հարգված ես բոլորի կողմից։ Զավակներդ չարչարվեցին, քաղաք սարքեցին, հետո միայն վերադարձան ու քեզ բերեցին Սասուն, որովհետև դու Բաղդադում ապրել ուղղակի չէիր կարող և այստեղ պիտի մեծարվեիր։ Իհարկե, աննման գեղուցկուհիններ են նաև Դեղձուն Ծամը, Արմաղանը, Գոհարը։ Ինչպես շատերն են ընդգծում, էպոսի մյուս կանանցից իր գեղեցկությամբ և այլ առաքինություններով առանձնանում է Դավթի կին Խանդութը, և իսկապես նա շատ խիզախ է, սակայն ես քեզ ու քո արարքը ավելին եմ համարում։

Ծովինա՛ր, քո գեղեցկության և քնքշության հետ մեկտեղ օժտված էիր նաև խելացի և խիզախ որոշում կայացնելով և անձդ նվիրեցիր երկրիդ փրկությանը։ Նաև քո օրինակով հետո շատ կանայք կարող էին կռվի ելնել և տղամարդկանց կողքին պաշտպանել իրենց երկիրը։ Ասում եմ անձնազոհ նվիրյալ նաև նրա համար, որ դու գերադասեցիր Խալիֆի կին դառնալ ու թեկուզ երջանիկ չլինել, քան որ քո պատճառով ավերվի հայոց երկիրը, զոհվեն բազում նամեղ մարդիկ։ Արմաղանը նույնպես իր ամուսնու հետ երդվեց ու կյանքը տվեց, բայց վառ պահեց Սասնա տան ճրագը։ Իսկ ինչպիսի՞ն են մեր դարում կանայք, գիտե՞ս արդյոք, Ծովինա՛ր։ Գեղեցիկ, կրթված, գրագետ և փորձառու։ Ինչպես ասել է Գարեգին նժդեհը, «Հայոց կանայք՝ հերոսներ ծնող մայրեր»։ Մայրեր, որոնք հայոց երկրի համար ծնել են քաջորդիներ։ Եվ այսպես, Ծովինա՛ր, ինձ թվում է՝ կան, իհարկե, նաև շատ տարբերություններ քո ու նրանց միջև։ Միևնույնն է, մեր ազգում նաև պակասում են քեզ նման և քո հարսների նման քաջ կանայք, որոնք իրենց կյանքը կտան Հայրենիքի համար։ Դե, բարով մնաս, Ծովինա՛ր խանում, ինչպես ասված է էպոսում, քեզ ու քո տոհմը հայերը «քառսուն օղորմիով» կհիշեն միշտ ․․․

Հարգանքով՝ Արմեն Ղուլարյան

Թղթիկ Սասնա ծռին

Ինձ ծանոթ ու անծանո՛թ Ծովինար, մի քիչ դժվար է գրել մեկին, ում հետ ծանոթ ես գրքի էջերից, ում մասին կարդում ես ու հասկանում, թե ինչ է հայի ուժն ու հավատքի զորությունը, հայի կամքն ու անձնազոհությունը, հայի ակունքը։

Անսահման հպարտություն են զգում, որ ունեցել եմ Ձեզ պես նախածնող, հայի տեսակ, հայ կնոջ բացառիկ կերպար։ Անսահման հպարտ եմ նաև, որ Գագիկ թագավորի, քեռի Թորոսի և մնացած մեծավորների պես նախնիներ եմ ունեցել, որոնք եղել են անսահման խորագետ, խելացի, հայրենասեր ու այդքան իմաստուն։ Կարծում եմ, որ հատկապես հորդ՝ Գագիկ թագավորի համար շատ դժվար է եղել ընդունել նման որոշում՝ աղջկան կնության տալ կռապաշտ մեկին՝ հանուն հայրենիքի փրկության՝ բայց և պահանջ դնելով կռապաշտ թագավորի առջև, որ մեկ տարի իր աղջկան չմոտենա, ինչպես նաև իր հարկի տակ ընդունի նաև հայ քահանայի, որը պիտի իր աղջկա կողքին լիներ իր աղոթքներով ու ծեսերով։ – Հայրի՛կ, թագավորին ասա՛՝

Ջոկ տեղ քոշկ ու սարայ մի շինի,

Ինձ որ տանի, էնտեղ դնի․

Մեկ տարի ինձ մոտ չգա,

Իմ հետ փարդան չմտնի։

Հայրի՛կ, դու էլ մեկ քահանա դիր հետ ինձ,

Որ առավոտ, իրիկուն ժամ ասի,

Ես իմ աղոթք անեմ, մնամ մեր օրենքով․․․

Սրանք կյանքի յուօրինակ դասեր են, որոնց մեր սերունդն այլևս չի առնչվում։ Հիմա ամեն բան այլ է, անընդունելի ու անհասկանալի ինձ համար։ Անսահման անտարբերություն կա շատերի մեջ։ Ինձ համար և իմ սերնդակից շատերի համար Ձեր ապրած կյանքը շատ վերերկրային է, հիմա ամեն բան փոխված է ու նյութական․․․․

Գեղեցկուհի´ Ծովինար, Ձեզ գրում եմ մի ժամանակաշրջանում, երբ հայրենիքիս մի մասը ևս հանձնվեց թշնամուն մի կտոր հացի նման, ու սա դեռ ավարտը չէ․․․ Այսօր մեր հայրենիքը կրկին կործանման եզրին է, որովհետև Ձեզ պես անձնազոհ ու խորագետ մարդիկ վաղուց էլ չկան։ Կան միայն փողով իրենց հողը վաճառող անհայրենիք թշվառներ, որոնք ապրում են իրենց որովայնը լցնելու ու կյանքը վայելելու համար։ Եթե Ձեր հոգին երբևէ որոշի պտտվել մեր հայրենիքի ներկայիս սահմաններով, չզարմանաք նրա փոքրության վրա․․․ Իսկ եթե հանկարծ ու եռաբլուրի կողքով անցնելու լինեք, կգժվեք․․․ ։ Ծնողի ցավը քամու հետ ոռնում է, խելագարվում ու հետ է գալիս նորից այդ ծնողի գիրկն է ընկնում։ Կործանեցին ամեն բան ու երջանիկ ապրում են դարի հանցագործները։ Դու քո անձը հանձնեցիր կռապաշտ թշնամուն, որպեսզի կործանումից փրկես քո հայրենակիցներին ու հայրենիքդ։ Անլսելի արարք է։ Այսօր շատ քչերն են պատրաստ, հանուն հայրենիքի անսասանության, հրաժարվել խաղաղ ու երջանիկ կյանքից։

-Որ ես էն կռապաշտ թագավոր չառնեմ,

Զամեն տի սպանի իմ պատճառով,

Աղեկն էն է, ես էրթամ,

Ուրիշ մարդու թող բան չեղնի․․․

Այս ամենի հետ միասին դու հեզության ու կանացիության բացառիկ օրինակ ես։ Վստահ եմ, որ հայրդ հպարտ էր քեզանով։ Երանի հայրենիքս շատ ունենա Ծովինարներ։ Իմ ազնիվ ու խելացի՛ Ծովինար, ես կփորձեմ հայի տեսակին վայել ապրել ու հայրենիքիս համար շատ օգտակար գործեր անել հետագայում։

Քո սերնդի հետնորդներից՝ ՆՌԱՆԷ։

ԹՂԹԻԿ՝ ՈՒՂՂՎԱԾ ՍԱՍՆԱ ԴԱՎԹԻՆ

Ողջու՛յն մեծն դյուցազուն Սասունցի Դավթին։

Հարգելի՛ Դավիթ, Դուք մեր ամենահայտնի և սիրելի հերոսն եք, և Ձեր քաջագործությունները հիացնում են հայ ժողովրդին՝ մեծից մինչև մանուկ։ Երբ որ կարդում էի Ձեր արարքների մասին, հիանում էի Ձեր խիզախությամբ, համարձակությամբ և ազնվությամբ։ Մտածում էի, թե ինչու՞ ներկա պահին մեր հայրենիքում չկան Ձեզ պես հերոսներ։ Օրինակ՝ շատ զարմացա, երբ Դուք մանուկ ժամանակ չանցաք Մսրա Մելիքի թրի տակով։ Այդքան փոքրիկ և այդքա՛ն ազատասեր․․․

«Մենակ Դավիթը, ինչ արին-չարին, Մոտ չեկավ դուշման Մելիքի թրին։ Եկան քաշեցին, թե զոռով տանեն, Թափ տվավ, մարդկանց գցեց դես ու դեն, Փոքրիկ ճկույթը մի քարի առավ, Ապառաժ քարից կրակ դուրս թռավ»։

Առանց հպարտության հնարավոր չէ կարդալ այս տողերը։ Էպոսի մյուս

հատվածներում արարքներիդ մեջ ևս երևում է հայրենասիրությունն ու մարդասիրությունը։ Դու թույլ չտվեցիր, որ Մսրա Մելիքը քո հայրենիքը ավերի, քո ժողովրդին դարձնի հարկատու և գերի։ Այսպիսին են լինում իսկական տերերը, որ նաև պաշտպան են։ Այսպիսին են լինում իրական հերոսները։ Իսկ ահա Մսրա Մելիքի դեմ ինչպե՞ս դու կռվեցիր միայնակ։ Այսօր ազգովին միայնակ ենք։ Ի՞նչ է պետք մեր երկրին, որպեսզի վերականգնենք հին հզորությունը։ Պատասխան եմ փնտրում՝ սպասելով քեզ։

 

Հարգանքներով՝ Վահագն Ամիրխանյան

Դիլիջանի կենտրոնական դպրոցի 8րդ դասարանի աշակերտ Սմբատ Համազասպյանից՝ Վերգոյին։

Ողջույններս, Վերգո՛, նախագծային աշխատանքը առիթ դարձավ, որ կերպարիդ նամակ գրեմ հեռավոր 2023 թվականի դեկտեմբերի 3-ին։ Քեզ պատմելու շատ բան ունեմ, չնայած երևի չես էլ հետաքրքրվի։ Ունեմ քեզ նաև բազում հարցեր։ Չարժես, բայց շնորհակալությունս քեզ, քանի որ քո շնորհիվ ժողովուրդս գոնե մի քիչ հասկացավ, որ այս կյանքում վախից և ստից վատ բան չկա այս դաժան, միևնույն ժամանակ գույներով լի աշխարհում։ Քեզ ծուռ չեմ համարում, որովհետև դու ամենաուղիղ վախկետն ու թուլամորթն ես։ Ցավով կասեմ, բայց գուցե ուրախանաս էլ, որ դեռ կան քեզ նման վախկոտներ, կան քեզ պես մեծախոս ու ոչինչ չանողներ։

Այո՜, Վերգո, 21-րդ դարում կան դավաճաններ, որոնք պատրաստ են սեփական հայրենիքը, վաճառել ՝ մեր զինվորների դիրքերի տեղը թշնամուն ասելով։ Մինչև հիմա կան քեզնից ավելի վախկոտներ և սուտասաններ․ երևի հենց քո ժառանգներն են՝ մեր կույր իշխողները, որ պատրաստ են ծնկել։ Ցավով եմ խոսում դրա մասին, սակայն նրանք դասեր չեն քաղում, և պատմությունը կրկնվում է։ Նրանք մեր աչքերին նայելով ստում են և կործանում մեր սիրելի ու չգնաատվող հայրենիքը։ Հայրենիքը չես կարող սիրել նկարով կամ խոսքերով, հայրենիքի համար պետք է խլել մեր երեխաներին սպառնացող թշնամու կյանքերը և, ինչու՞ ոչ, թեկուզ նաև սեփական կյանքդ չխնայելով։ Սիրել հայրենիքը նշանակում է պաշտպանել նրան ինչպես ներսից, այնպես էլ դրսից։ Ինչու՞ դու և քեզպեսները էպոսում ու այսօր ցանկություն չհայտնեցիք պայքարել թշնամու դեմ, այլ վախկոտի նման առաջարկում եք տալ թշնամուն ամեն բան, միայն թե նա ձեռք չտա ձեզ։ Քանի դեռ կան այդպիսի հայեր, մենք մեր հայրենիքը չենք շենացնի, մեր հայրենիքը չենք ծաղկեցնի, իսկ ես դեռ հույս ունեմ, որ գարուն կգա մի օր Հայաստանում։ Ես մեղադրում եմ քեզ, որ հենց դու դրեցիր վախկոտության հիմքը քո սերունդների մեջ։ Ես երբեք չեմ վախեցել, սակայն պետք է միշտ զգոն լինել, և ես դա ասում եմ իմ փոքր ապրած կյանքով։ Ես միշտ պաշտպան եմ կանգնում թույլին և չեմ վախենում, թե ումից եմ պաշտպանում։ Սա լավ օրինակ է, որպեսզի մենք բոլորս սկսենք պաշտպանել միմյանց և մեր հայրենիքը՝ չմտածելով նույնիսկ, թե ումից ենք պաշտպանում։

Թղթիկ Փոքր Մհերին

Բարև, Փո՛քր Մհեր։

Ինչպե՞ս ես։ Դեռ Ագռավաքարում նստած՝ սպասում ես արդարությա՞ն։ Վաղուց ուզում էի քեզ որոշ հարցեր տալ, այդ պատճառով որոշեցի նամակ գրել։ Գրում եմ քեզ, որ հարցնեմ՝ արդյո՞ք կարծում ես, որ աշխարհից մեկուսանալը կօգնի սուտը վերացնելուն։ Քո կարծիքով՝ դու իրոք օգնու՞մ ես մեր ժողովրդին։ Ամենայն հարգանքով, ես այդպես չեմ կարծում։ Աշխարհից թաքնվելով՝ դու նրա մեջ ոչինչ չես փոխում։ Ժողովրդին փոխելու համար պետք է նրանց հետ խոսել, բացատրել, որ սուտը պղծում և այլայլում է մեր կյանքը, և որ դրանով լավ բանի չենք հասնի։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ դու հուսահատված ես և, միգուցե, ուժ չունես ինչ-որ բան անելու, բայց երբեք ուշ չէ՝ փորձելու լավացնել այս աշխարհը։ Պատրաստվու՞մ ես արդյոք դուրս գալ Ագռավաքարից և փորձել իրականացնել նպատակդ ոչ թե սպասելով, այլ գործելով։

Մի՛ անհանգստացիր, եթե դու չվերացնես սուտը և չարիքը այս աշխարհից, մեկ ուրիշը դա կանի, օրինակ՝ մեր եռանդուն երիտասարդությունը։ Կամ էլ ոչ ոք դա չի անի։ Բոլորն են մտածում, որը եթե իրենք ոչինչ չձեռնարկեն, մեկ ուրիշը կանի, և այդպիսով ուղղակի պարտականությունը գցում են իրար վրա։

Ուրիշ հարց տամ․ երբեք չե՞ս մտածել, որ կարիք չկա սուտը և անարդարությունը վերացնելու։ Չե՞ս կարծել, որ այս բոլոր բաները կյանքի անբաժան մասնիկներից են։ Չէ՞ որ կյանքը չի կարող միշտ լինի պայծառ և լուսավոր։ Իմ կարծիքով՝ պետք է լինեն նաև հիասթափեցնող և, գուցե սխալ եմ, վշտացնող իրադարձություններ, որպեսզի լինեն նպատակներ և մղումներ՝ շարունակելու ճանապարհը։ Պետք է տեսնենք կյանքի մռայլ կողմը, որպեսզի կարողանանք գնահատել պայծառ պահերը։

Բայց ի՞նչ նպատակ ունեիր դու։ Քո նպատակը սուտն ու անարդարությունը վերացնելն էր, քանի որ դու էիր ասում․

«Քանի աշխարք չար է, հողն էլ ղալբցեր է, մեջ աշխարքին ես չեմ մնա։

Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի, եբոր ցորեն էղավ քանց մասուր մի, ու գարին էղավ քանց ընկուզ մի,

Էն ժամանակ հրամանք կա, որ էլնենք էդտեղեն։»

 

Բայց արդյո՞ք դրանք են քո նպատակները։ Միգուցե քո իրական նպատակն էր աշխարհի խնդիրներից և առհասարակ բոլոր մարկանցից միառժամանակ փախչե՞լը։ Ես, իհարկե, կարող եմ սխալվել։

Այն փաստը, որ դու դեռ հույս ունես, որ սուտը հնարավոր է վերացնել, վկայում է, որ դու ապշեցուցիչ հավատ ունես մարդկանց և նրանց ուժերի հանդեպ նույնիսկ այն ժամանակ, երբ նույնիսկ իրենք իրենց չեն հավատում և վստահում։ Սրտանց շնորհակալ եմ քեզ դրա համար։ Քեզնից եմ սովորել, որ պետք է լինել լավատես, հուսալ, որ ամեն ինչ լավ կլինի։ Դու մեզ՝ հայությանը, օրինակ ես ծառայում՝ որպես շատ դիմացկուն հերոս։

Հուսով եմ, որ քեզ հետ կհանդիպենք Ագռավաքարից դուրս, այդ պատճառով, ոչ թե հաջողություն եմ ասում, այլ մինչ հանդիպում։

Հարգանքով ՝

Լուսինե Մելքոնյան

06․12․2023թ․, Դիլիջան

Menu