Ամանորյա միջոցառումները մեկ ակնթարթում

Ամանորյա միջոցառումների մեկնարկն ազդարարեցին 3-րդ դասարանցիները՝ «Արքայազն անունով պինգվինը» ներկայացմամբ՝ հանդիսատեսին պարգևելով նորելուկ պինգվինի փոքրիկ արկածի մասին պատմությանը ակնդիր լինելու հնարավորությունը։ Ամանորի հեքիաթային պատմությունների շարքը շարունակեցին տարրական դպրոցի մյուս դասարանները՝ հանդես գալով «Տոն է, տոն է Մկստան» համատեղ միջոցառմամբ և դրական լիցքերով ու աշխույժ տրամադրությամբ համակելով դահլիճում ներկա ծնողներին ու ուսուցիչներին։ Դպրոցի նորաստեղծ երգչախումբը ևս անմասն չմնաց ամանորյա միջոցառումներից և ներկայացրեց համերգային ծրագիր։

Տարեվերջյան գլխավոր միջոցառումը, սակայն, գիտելիքի և արվեստի ցուցահանդես-վաճառքն էր, որին մասնակից դարձան Դիլիջանի և հարակից համայնքների անհատ ստեղծագործողներ, գեղեցիկն արարող ու գնահատող մարդիկ։ Դպրոցի ջերմ ու լուսավոր հարկի տակ մի քանի ժամ շարունակ աշխուժություն էր, այցելուների և ժպիտների պակաս նույնպես չկար, իսկ ցուցահանդես-վաճառքից ստացված գումարը տրամադրվեց դպրոցի բացօթյա տաղավարի կառուցմանը։

Տոնական միջոցառումները եզրափակվեցին միջին դպրոցի սաների մասնակցությամբ կազմակերպված դիմակահանդեսով։ Անկաշկանդ, զվարճալի, պարային․ ահա այսպես կարելի է բնութագրել զանազան կերպարներով լի դիմակահանդեսային մթնոլորտը, որն ուրախ տարեմուտ էր ազդարարում բոլորին և խոստանում էլ ավելի հետաքրքիր ակնթարթներով լի նոր տարի։