«Կրթությունը կարևոր ուժ է, որը կարող է առաջնորդող դառնալ ապագայում հաջողությունների հասնելու համար»․ այս մտքին հանգեց մեզնից յուրաքանչյուրը՝ ապրիլի 26-ին դպրոցում կազմակերպված հանդիպում-զրույցից հետո։ Իսկ զրույցը մեզ հետ վարում էր ՏՏ ենթակառուցվածքների ինժեներ, ԿԲ Կիբերանվտանգության կառավարիչ Վազգեն Թորոսյանը։ Նա իր և տարբեր հայտնի մարդկանց օրինակներով մեզ բացատրեց, թե ինչ մեծ նշանակություն ունի կրթությունը, ինչու է պետք կյանքում միշտ սովորել, նույնիսկ եթե դա մեզնից ոմանց այդքան էլ հեշտ ու հաճելի չի թվում։ Զրույցի ընթացքում մեզ համար բացահայտվեցին մեծ տարածում գտած միֆեր, իրական պատմությունների շնորհիվ ավելի տպավորիչ ու պարզ դարձավ կրթության ուժը։ Զրույցը մեզ համար շատ օգտակար, ուսումնական և հաճելի էր, քանի որ անցավ անկեղծ, անմիջական քննարկումներով, լուրջ թեմաները զուգակցված էին կատակներով և ծիծաղաշարժ պատմություններով։ Կարող ենք ասել, որ մասնակիցներից շատերն այս հանդիպումից հետո իրենց առջև ավելի հստակ պատկերացրին ապագայի իրենց ուղին և արդեն իսկ կողմնորոշեցվին իրենց ապագա մասնագիտության ընտրության հարցում։
Կարծում ենք՝ այսպիսի զրույցներ պետք է ավելի հաճախ կազմակերպվեն, քանի որ դրանք բացահայտում են մեզ համար հետաքրքիր, ուսանելի և անհրաժեշտ հարցեր։
ԴԿԴ-ի 9-րդ դասարանի աշակերտուհիներ՝ Լիլի Թովմասյան և Անժելա Մաթևոսյան