Այս ֆորումից հասկացա տարբեր ոլորտներում՝ ՍՏԵՄ-ում ներառյալ, սեռերի հավասար մասնակցության կարևորությունը, քանի որ այդպես մեծանում է մարդկանց կարծիքների փոխանակման, տեսակետների փոփոխման հնարավորությունը, ինչի արդյունքում ստացված արտադրանքը հարմար է ավելի մեծ քանակությամբ մարդկանց գործածության համար։ Կանանց մասնակցությունը ՍՏԵՄ-ում պետք է խրախուսել, և ոչ միայն չպետք է քննադատել նրանց, ովքեր այլ ոլորտներում են աշխատանք ընտրում, այլև պետք է աջակցենք այն կանանց, որոնց շրջապատը կարող է հուսահատեցնել։
Ինձ համար զարմանալի էր նաև այն, որ այսպիսի ֆորումը Եվրոպական Միության անդամ պետություններում է կազմակերպվում, քանի որ ինձ միշտ թվացել է, որ դրանք բավականին լիբերալ պետություններ են և այսպիսի խնդիրներ չեն ունենում։ Օրինակ՝ Հայաստանում իմ շրջապատն ինձ միշտ աջակցել է, երբ, ասենք, որոշել եմ գիտությունն ընտրել, և որևէ դա չի խոչընդոտել՝ կապելով դա իմ աղջիկ լինելու հետ։
Ֆորումից հետո մենք գնացինք զբոսնելու, որպեսզի ամանորյա շուկան գտնենք։ Իսկ երբ հասանք, արդեն ժամը տասն էր, ինչը նշանակում էր, որ վրանները փակվում են։ Հաջորդ՝ վերջին օրը, զբոսնելով գնացինք դեպի Բելգիայի խորհրդանիշը՝ «Միզող տղան»։ Մինչ այդ ամեն տեղ տեսնում էինք այդ արձան պատկերով ապրանքներ, բայց հենց հասանք, զարմացանք արձանի փոքր չափից։
Ժամանակի սուղ լինելու պատճառով չհասցրինք Ատոմիում գնալ, որի մեջ, պարզվում է, հնարավոր էր մտնել։ Շատ ափսոսում եմ, որ չկարողացանք այնտեղ էլ գնալ։ Բայց օրվա ավարտը պակաս գեղեցիկ չէր։ «Սատանի անիվ» կարուսել նստեցինք և կարողացանք հիանալ քաղաքով․ արևի ճառագայթները ամպերի ճեղքերից ոսկեզօծում էին կանաչ գմբեթով պալատը, իսկ հեռվում նույնիսկ Ատոմիումն էր երևում։