Տպավորություններ Բելգիայից

Ճամփորդությունից առաջ ես շատ ուրախ էի և անհամբեր սպասում էի։ Հիմա էլ ամեն բան հիշում եմ ուրախ ժպիտով։ Մեր մեկնելու կիրակին շատ դանդաղ էր անցնում, ու ես արդեն չգիտեի ինչով զբաղվել։ Կեսգիշեր էր, մենք սպասում էինք մորեղբորս մեքենային, որ վերջապես գնայինք օդանավակայան։ Ամբողջ ճանապարհին չքնեցի։ Հասանք օդանավակայան, որտեղ ես առաջին անգամ էի։ Մենք շուտ էինք հասել, և ես լուսամուտից նայում էի ինքնաթիռներին, մինչև կգային դասընկերներս և մեր ուսուցիչը։ Բոլորը հավաքվեցին, լուսանկարվեցինք և հրաժեշտ տվեցինք ծնողներին։ Անցանք բոլոր ստուգումները և սկսեցինք սպասել մեր թռիչքին՝ զրուցելով, քաղցր ուտելով, մի քանի էջ կարդալով։ Նույնիսկ որոշեցինք զանգել մեր դասընկերներին, չնայած գիտեինք, որ դեռ քնած են։ Վերջապես հայտարարեցին մեր թռիչքը, և նստեցինք ինքնաթիռ։

Ես լուսամուտին մոտ էի, ինչի համար շատ էի ուրախացել։ Թռիչքի ժամանակ հաճախ էի նայում դուրս և լուսանկարում, բայց քանի որ մութ էր շատ բան չէի տեսնում։ Ես շատ էի ուզում քնել, բայց անհարմար էր։ Թռիչքը տևեց մոտ հինգ ժամ։

Վայրէջք կատարեցինք Ֆրանկֆուրտում։ Դրսում ցուրտ էր, այդ պատճառով վազելով հասանք շենքը։ Նորից ստուգումներ, նորից սպասում։ Այս անգամ ավելի քիչ՝ ընդամենը կես ժամ։ Երկրորդ թռիչքը Ֆրանկֆուրտից դեպի Բրյուսել, ավելի կարճ էր` մեկ ժամ։ Ես նորից լուսամուտի մոտ էի։ Օդանավակայանից դուրս եկանք և միանգամից սկսեցինք փնտրել վարորդին։ Հյուրանոցի ճանապարհին երկար նայում էինք հնաոճ շենքերին։ Հյուրանոցի սենյակին սպասելու փոխարեն որոշեցինք զբոսնել։ Շատ տեղերում շինարարություն էր, աղմուկ։ Ձյուն էր գալիս, ու թեև ցուրտ էր, բայց հասցրինք շատ հին ու նոր շենքեր տեսնել, արձանների մոտ նկարվել։ Հետաքրքիր էր, որ փոքրիկ հրապարակների աղավնիները չէին վախենում մարդկանցից, մոտենալիս չէին թռչում։

Բոլոր խմբերը հավաքվեցին հյուրանոցում, իսկ հետո գնացինք պատրանքների թանգարան։ Տեսանք հետաքրքիր խաբկանքներ, զանգեցինք դասարանին, առցանց ցույց տվեցինք ամենը։ Հետո՝ ընթրիք ու հանգիստ հյուրանոցում։ Այսպես ավարտվեց առաջին օրը։ Առավոտյան զարթնել էինք շատ շուտ, զանգել և զրուցել դասընկերների և ուսուցիչների հետ, հասցրինք իմանալ ստուգողականների գնահատականները։ Նախաճաշից հետո սկսվելու էր ֆորումը, ինչի համար էլ եկել էինք Բրյուսել։

Այնտեղ՝ թատրոնի շենքում, իրենց նախագծերը ներկայացրին երեք խմբեր Բուլղարիայից, Լյուքսեմբուրգից և Մալթայից։ Ավարտին քվեարկելիս մեր ձայնը տվել էինք Մալթայի խմբին, որը և հաղթեց։ Ճաշեցինք նույն վայրում։ Կազմակերպիչները նախատեսել էին խաղեր` բոլորիս թարմացնելու համար։ Հետո խմբերը բաժանեցին երկու մասի, և մենք գնացինք զրուցելու մի աղջկա հետ։ Նա մեզ պատմում էր իր մասին, ռոբոտաշինության մասին։ Այնտեղ մենք ներկայացրինք մեր նախագիծը, որը դուր եկավ մասնակիցներին։ Ներկայացրին նաև Ավստրիան և Ուկրաինան։ Հետաքրքիր էր նոր մտքեր լսելը։

Զբոսնեցինք կենտրոնում, իսկ ավելի ուշ համտեսեցինք ուտեստներ տարբեր երկրների խոհանոցից։ Հաջորդ առավոտյան մի քիչ տխուր էինք, քանի որ արդեն վերադառնալու օրն էր։ Շատ արագ անցավ ամենը։ Հավաքեցինք մեր իրերը և իջանք ներքև։ Քանի որ թռիչքը երեկոյան էր, որոշեցինք էլի զբոսնել։ Գնեցինք շոկոլադ, նվերներ։ Վերջին մեկ ժամը կարուսել նստեցինք։ Այդտեղից երևում էր գրեթե ամբողջ քաղաքը։ Մենք տեսանք Ատոմիումը, որտեղ այդպես էլ չհասցրեցինք այցելել հեռու լինելու պատճառով։ Վազեցինք հյուրանոց, որտեղ ի վերջո մեզ

մոտեցավ օդանավակայան տանող վարորդը։ Էլի անցակետեր, էլի սպասում։ Ինքնաթիռը ուշ թռավ։ Ֆրանկֆուրտում վազեցինք, քանի որ կարող էինք ուշանալ։ Հերթում կանգնած՝ հասկացանք, որ ընկեր Դավիթը ինքնաթիռում է թողել իր բաճկոնը, որի գրպանում էին իմ ու Մանեի գնած նվերները հայրիկների համար ․․․ Բայց ուրախ էինք, որ վերադառնում ենք Երևան։

Մինչև հիմա շատ տպավորված եմ իմ առաջին ճամփորդությունից։ Անկեղծ կուզեի՝ մի քանի օր ավելի տևեր։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed

Menu