Դիլիջանի կենտրոնական դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի
Գայանե Միսակյան
ԴԿԴ-ում ռուսաց լեզվի դասերին քերականական գիտելիքներ հաղորդելուց զատ՝ կարևորվում են սովորողների ստեղծագործական կարողությունները զարգացնելու ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք իրականացվում են տարբեր մեթոդների ու բազմազանությամբ միջոցների կիրառմամբ: Ստեղծագործական աշխատանքների օգտագործումը ոչ միայն թույլ է տալիս ստեղծել գիտելիքների համակարգ, որն ապահովում է օտար լեզվով մտքեր արտահայտելու, ուղղագրական և կետադրական հմտությունների զարգացումը, այլև ուսուցումը դարձնում է սովորողների համար ավելի բազմազան և գրավիչ․ չէ՞ որ ստեղծագործական աշխատանք կատարելը սովորողների մոտ ճանաչողական հետաքրքրության առաջացման և զարգացման պայմաններից մեկն է։ Նման մեթոդները օգնում են բարելավելու սովորողների լեզվամտածողական կարողությունները, ինչպես նաև նպաստում ինքնուրույն մտքերի արտահայտմանը, ընդգծում ուսումնասիրվող նյութի գործնական նշանակությունը և հաղորդում դասերին հուզականություն:
Ստեղծագործական աշխատանքների առավելությունների թվում է նաև այն, որ հնարավորություն է տալիս սովորողներին ավելի հեշտ ներգրավվելու դասապրոցեսին, ազատ շփվելու միմյանց և ուսուցչի հետ՝ զուգահեռաբար ձեռք բերելով ինքնավստահություն՝ անհրաժեշտ լեզվական նյութի ավելի ազատ կիրառման գործում: Աշխատանքի այս տեսակը զարգացնում է երևակայությունը, հարստացնում բառապաշարը, ակնառու կերպով զարգացնում տրված թեմայի շրջանակներում գրավոր խոսք կազմելու հմտությունները, որոշակիորեն ազդում գեղագիտական ճաշակի ձևավորմանը:
Այսպիսով, ստեղծագործական աշխատանքը ռուսաց լեզվի դասերին լուծում է բազմաթիվ խնդիրներ՝ դրականորեն անդրադառնալով նաև աշակերտների հաղորդակցական հմտությունների զարգացմանը, ինչը թույլ է տալիս սովորողներին հեշտությամբ կիրառել ռուսաց լեզվի դասերին ստացած իրենց գիտելիքները կյանքի տարբեր իրավիճակներում:
Ներկայացնում ենք ԴԿԴ 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտների ռուսաց լեզվի ստեզծագործական աշխատանքներից, որոնցում աշակերտները ներկայացրել են իրենց հույզերն ու մտորումները, գալիքի սպասումները և երջանկության իրենց բանաձևը: Մնում է միայն ցանկանալ, որ կատարվեն նրանց բոլորի երազանքները, և բոլորը գտնեն երջանկության իրենց բանալին: