Մայիսի 22-ը արվեստաշատ էր Դիլիջանի կենտրոնական դպրոցում․ 7-9-րդ դասարանների աշակերտները ներկայացրեցին «Արվեստ» առարկայի իրենց նախագծային յուրօրինակ աշխատանքները։ Դպրոցի «4+1» երաժշտախումբը հիացրեց հանդիսատեսին հայ և արտասահմանյան հայտնի երգերի կենդանի կատարումներով՝ ստեղծելով տոնական և ոգեշնչող մթնոլորտ։ «Շարժում» նախագիծը, որը համատեղ իրականացվեց ֆիլմարվեստի և դիզայնի աշակերտների կողմից, ընդգրկեց երկու կարճամետրաժ անիմացիա՝ ստեղծված «Անտառի արքա» լեգենդի և Մխիթար Գոշի առակների հիման վրա։ Աշակերտները նաև նկարահանել էին կարճ փաստագրական ֆիլմ նկարիչ Հովհաննես Շարամբեյանի պահպանած Դիլիջանի պատմական փողոցներից մեկի և Հաղարծին վանքի լեգենդի մասին։ Կերպարվեստի բաժնի աշակերտները, ոգեշնչվելով Դիլիջանի բնապատկերներից, մասնավորապես Պարզ լճի գեղեցկությունից, ստեղծել էին «Դիլիջանի գույնը» խորագիրը կրող խճանկար, որը հավաքվել էր դպրոցի արտաքին պատին՝ դառնալով տեսանելի արվեստի մի մասնիկ քաղաքի անցորդների համար։ Ցուցադրությունն ամփոփեց պարարվեստի խումբը։ Աշակերտները բեմադրեցին յուրահատուկ խաղ-պարային ներկայացում, որտեղ մարմնավորվում էին հայկական ավանդական հարսանիքը՝ փոխանցելով ազգային մշակույթի ոգին և տարրերը պարային ընկալմամբ։ Օրը լի էր արվեստով և վառ էմոցիաներով։