Դեկտեմբերի 5–ին Բրյուսելում կայացավ «Women and Girls in STEM» ֆորումը, որին մասնակցեցին Դիլիջանի կենտրոնական դպրոցի 9-րդ դասարանցիներ Մանեն, Արևիկը, Լարիսան և ուսուցիչ Դավիթ Հովհաննիսյանը։ Առաջարկում ենք կարդալ Մանեի տպավորությունները ճամփորդությունից։
«Women and Girls in STEM» ֆորում
«Women and Girls in STEM» ֆորում
Երբ իմացա գիտաուսումնական մրցույթում հաղթելու մասին, ինձ համակեց խոր ուրախություն, որ ստիպում էր ժպտալ ու անդադար ներքուստ հպարտանալ թե՛ իմ, թե՛ դասընկերներիս կողմից արված աշխատանքով։ Բայց չէի հավատում, որ ինձ և ընկերներիս կընձեռնվի հնարավորություն՝ այցելելու Եվրոպա, ծանոթանալու տեղացիների մտածողությանը, զբաղմունքներին և հենց դրանց շնորհիվ բացահայտելու աշխարհը և փորձելու զուգահեռներ տանել իմ բնօրրանի ժողովրդի և այլազգիների բնավորության միջև։
Առաջին իսկ պահից նկատելի էր Բրյուսելի միջնադարյան կառույցների ճարտարապետական հետաքրքիր լուծումների և նորակառույց շինությունների համակցությունը, որը ստիպում էր անդադար հիանալ մարդու մտքի անսահմանությամբ և աշխատանքի հանդեպ նվիրվածությամբ։ Միջնադարյան շինությունների ամեն խորշում նկատվում էին բազմաթիվ արձաններ, որոնց յուրաքանչյուր հատվածը մանրակրկիտ մշակված էր։ Ինձ առավել հիացրեց Գրան Պլասը, որ լի էր նրբաքանդակներով։
Հաճելիորեն հիացած էի տեղաբնակների բարեհամբույր վերաբերմունքով յուրաքանչյուրիս հանդեպ։ Օթևանում, որտեղ հանգրվանել էինք, կային տարբեր ազգության մարդիկ։ Բոլորը միմյանց բարեհամբույր ողջունում էին և հարկ եղած դեպքում հայտնում իրենց օգնելու պատրաստակամությունը։ Սա տեղիք տվեց մտածելու՝ արդյոք հայ ժողովուրդն է՞լ է այդպես պատրաստակամ։ Կարծում եմ՝ երբեմն այդպես է։ Ո՛չ, ամենևին չեմ կասկածում հայի հայտնի հյուրընկալ էությանը, որի մասին փաստել է դեռևս Քսենոփոնը 401 թ.։ Գուցե տպավորությունս խաբուսիկ է։ Ամենահաճելի պահերից մեկը՝ հպարտության զգացում, ապրել եմ, երբ բոլոր երկրների պատվիրակների հետ միասին այցելեցինք Բրյուսելի տեսողական պատրանքների թանգարան։ Իսկ ի՞նչը դրդեց ինձ հպարտանալու։ Այն, որ ընդամենը մեկ տարի առաջ դասընկերներիս հետ այցելել էի Գյումրու տեսողական պատրանքների թանգարան, և ակամա սկսեցի համեմատել այս երկուսը․ Գյումրու թանգարանը ամեն առումով նման էր այս թանգարանին, և չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ մեզ մոտ ցուցադրվածը ավելի կատարելագործված էր, քան Բրյուսելինը։
Երկրորդ օրը արդեն պիտի մասնակցեինք միջոցառման այն կենտրոնավայրում, որտեղ ներկայանալու առաքելությամբ էլ հենց ճանապարհորդությունը սկսել էինք։ Ամենաշատ տպավորություններս այդ օրվանից են։ Երբ հատուկենտ ընտրված երկրների պատվիրակները մեծ ոգևորությամբ ներկայացնում էին իրենց աշխատանքները, մենք ընկերուհիներով բուռն քննարկում էինք դրանք՝ փորձելով համեմատել մեր աշխատանքի հետ։ Այդ պահը ամենահետաքրքրականն էր մեզ համար, քանի որ նորանոր բացահայտումներ էինք անում մեր ուսումնասիրած առարկաների մասին և հարստացնում էինք մեր գիտելիքների պաշարը։ Սակայն մի փոքր հիասթափված էինք, քանի որ երբեմն անհեթեթ մտքեր էին առաջ քաշվում և զարմացնում մասնակիցներին և մրցատյանին։ Այնուամենայնիվ, այդ միջոցառմանը մասնակցություն ունենալը տրամադրող էր և մեծ ձգտում էր առաջացնում էլ ավելի գիտելիքներով զինվելու։
Երեկոյան գնացինք զբոսնելու, շրջելու լուսավոր ու շենշող ժպիտներով լեցուն քաղաքով։ Երեկոյան այն ինձ հիշեցնում էր ամանորյա հեքիաթ՝ զարդարված գեղեցիկ լույսերով, դրական տրամադրությամբ պարուրող։ Բրյուսելը բոլորիս հիշեցնում էր նաև լաբիրինթոս, քանի որ նեղ և սալածածկ նրբանցքներով քայլելիս շատ հաճախ հայտնվում էինք միևնույն վայրում։
Բրյուսելը հայտնի է իր «Միզող տղան» արձանով։ Զբոսաշրջիկների մոտ ընդունված է այն տեսնելու գնալը։ Երբ նկատեցինք հավաքված ամբոխին, կարծեցինք, որ արձանը մեծ հիացմունք է պատճառելու մեզ։ Իսկ իրականում դա ընդամենը մոտ քառասուն սանտիմետր բարձրություն ունեցող արձանիկ էր, որին Ծննդյան տոնին ընդառաջ հագցրել էին եպիսկոպոս հիշեցնող Կաղանդ պապի հագուստներ։ Սա մեծ անակնկալ էր ինձ համար. ինչու՞ էր բարձրարվեստ քանդակների կողքին տեղադրված այդպիսի արձան։ Եվ ապշեցուցիչ էր այն, որ մարդիկ հմայվում էին դրանով։
Բրյուսելը հայտնի է նաև Ատոմիումով, որը հարյուր երկու մետր բարձրություն ունի։ Իմացանք, որ այն մեր հյուրանոցից յոթ կիլոմետր հեռու է, բայց ժամանակի սղության պատճառով չկարողացանք այցելել։ Տխրեցնող էր, ինչ խոսք, բայց
գիտակցում էինք, որ մեր ապրած հաճելի պահերն էլ բավարար են եռօրյա ճանապարհորդության համար։ Նստեցինք «Մեծ անիվ» կարուսելը, և այն մեզ ասես դրական լիցքերով հաղորդեց։ Հանկարծ նկատեցի, որ Ատոմիումը մեր կարուսելից երևում է, դա մեզ ուրախացրեց, թեկուզ հեռվից։
Բոլորս լցված էինք հայրենիք վերադառնալու ցանկությամբ։ Բոլորին հաջողություն մաղթեցինք և նստեցինք մեր շախմատանշանով ավտոմեքենան։ Ճանապարհին համակ ուշադրությամբ դիտում էինք մեր շուրջը և զրուցում մեր ունեցած տպավորություններից, վերհիշում մեր սրտերը տոգորած ամենահաճելի պահերը։