Դիլիջանի կենտրոնական դպրոցը հանդիսանում է «Այբ» համակարգի դպրոց:
Դիլիջանի կենտրոնական դպրոցի աշակերտի նկարագիրը հիմնված է հետևյալ ութ փոխկապակցված սկզբունքների վրա՝
Դիլիջանի կենտրոնական դպրոցը հանդիսանում է «Այբ» համակարգի դպրոց:
Դիլիջանի կենտրոնական դպրոցի աշակերտի նկարագիրը հիմնված է հետևյալ ութ փոխկապակցված սկզբունքների վրա՝
Ինչո՞ւ հենց ութ սկզբունքներ: Ութը, ըստ Եկեղեցու հայրերի, Քրիստոսի թիվն է կամ Հարության թիվը: Եթե յոթը խորհրդանշում է հինկտակարանյան և երկրավոր կատարելությունները, ապա ութը Քրիստոսի բերած նոր կյանքի և նոր ժամանակի խորհրդանիշն է: Ութը հարություն առած յոթն է, և դրա համար կիրակին որպես հարության օր կոչվում է նաև միաշաբաթ կամ Առաջին Օր և միաժամանակ Ութերորդ Օր` որպես յոթօրյա ժամանակային պարբերության նոր վերժամանակյա իրողություն:
Ութի խորհուրդը «Այբ»-ի համար հատկանշական է: Մենք ձգտում ենք բացահայտել սովորելու նոր չափումներ, ձևավորել նոր կրթական մշակույթ` ժամանակին համահունչ նոր շունչ և իմաստավորում հաղորդելով կրթության վեհ գաղափարին: Այնպես է պատահել, որ «Այբ»-ի հիմնադիրները ոչ պատահականորեն եղել են ութ հոգի: Ութ թիվն արտացոլված է «Այբ»-ի պատկերանիշի մեջ: Այն պտտվող հավերժության նշան է, և ամեն պտույտի վրա կա ութ գագաթ. այն դեպի հավիտենականություն պտտվող ութերի շղթա է կամ դեպի անվերջություն արտաբացված ութի խորհուրդ:
«Այբ»-ի աշակերտին բնութագրող ութ սկզբունքները բաժանված են զույգերի: Առաջին զույգը՝ ճանաչող և արարող, համընդհանուր սկզբունք է: Այն, ըստ էության, համընկնում է մեր դպրոցի «Իմա և արա» նշանաբանի հետ և որպես գլխավոր սկզբունք՝ տարածվում հաջորդող երեք զույգերի վրա:
«Այբ»-ի աշակերտը ոչ թե պետք է ձգտի պարզապես ճանաչելու, այլ բարի և բարեբեր ճանաչողության կամ բարեխոհության: Բարին խորհելը և բացահայտելը արդյունավետ ճանաչողության վեկտորն է: Մտքերի բարությունը պետք է արտացոլված լինի նաև մեր գործերի մեջ՝ «Այբ»-ի աշակերտը պետք է լինի հոգատար: Հոգատար է նա, ով սեր ունի իր մեջ, փորձում է մարդկանց համար բարիք գործել, պատասխանատու է և անտարբեր չի անցնում իրողությունների կողքով: Բարեխոհությունն ու հոգատարությունը բարոյական լրացումն են մեր հիմնական սկզբունքի և շեշտում են, թե մենք ինչ տեսակի ճանաչողության և գործերի մասին ենք խոսում:
Մարդու ոչ միայն միտքը պետք է կրթված ու զինված լինի առաքինություններով, այլև կամքը պետք է ճիշտ գործի: Մենք ուզում ենք, որ մեր աշակերտները նախաձեռնող լինեն: Նախաձեռնող նշանակում է արի, քաջ, նպատակասլաց, ռիսկի դիմող: Սակայն յուրաքանչյուր նախաձեռնության մեջ պետք է լինել հավասարակշիռ` պահպանելով ներքին խաղաղությունը և ներդաշնակությունը: Նախաձեռնել չի նշանակում անխոհեմ առաջ նետվել, այլ պատասխանատվությամբ մտածել ու խորհել, մարդկանց քո գաղափարի շուրջ հավաքել և դրան մասնակից դարձնել, մարդկանց ծառայել և առաջնորդել:
«Այբ» ութնյակի վերջին զույգն է զգոն և բաց: Այս բառերի ընտրությունը նույնպես պատահական չէ. «զգոն» բառը և՛ արդի հայերենում, և՛ գրաբարում ունի խոր իմաստ: Զգոնը նրբազգացն է, զգայունն է իր լավ իմաստով, այն մարդն է, ով զգում է մարդկանց, ով զգում է իրեն, ով ունի ներքին ուշադրություն: Զգոն մարդը հավաքված մարդն է: Մարդկային կյանքն այսօր չափազանգ ցրված է հիշողությունների, զգացմունքների, ապրումների մեջ, և արդի կրթության գերխնդիրն է՝ սովորեցնել մարդուն հավաքվել, ուշադիր լինել և կենտրոնանալ: Զգոնը նաև հակադիրն է անզգամի, երբ մարդն անհաղորդ է իրականությանը և ընդունված բարոյական սկզբունքներին: Եվ վերջապես, որպեսզի այդ հավաքվածությունը չտանի մարդուն ներքին կապանքների ու սևեռումների, նա պետք է լինի բաց: Սա նույնպես կրթության գլխավոր խնդիրներից մեկն է՝ սովորեցնել մարդուն ազատ և բաց լինել, ազատվել ներքին կապանքներից, հաղորդակից լինել իրականությանը: