Երբ ոտք դրեցինք դպրոցի շեմին,
Հազիվ վեց տարեկան փոքրիկ էինք,
Շուտով կդառնանք չափահաս.
Ասես լիներ երազ…
Անցնում են տարիները մանկության,
Դաս ու գիրք դառնում է հիշողություն,
Ասում ենք ձեզ՝ մնաք բարով,
Հեռանում ենք երգելով։

Դպրոցական վերջի՛ն զանգ,
Հոգուս մեջ թո՛ղ արձագանք,
Վերջին զանգի վերջի՛ն կանչ,
Տա՛ր ինձ կյանքին ընդառաջ։

Այս երգով ավարտվեց իններորդ դասարանցիների աննախադեպ հրաժեշտը դպրոցին։ Այսքան անկեղծ ու անմիջական, այսքան հուշերով, զրույցով, թախծախառն կարոտով ու հումորով լի Վերջին զանգ դեռևս չէր եղել Դիլիջանի կենտրոնական դպրոցի յոթնամյա պատմության ընթացքում։ Ոչ մի աշակերտ դպրոցի բեմում չէր, ոչ մի ծնող չնստեց դահլիճում, և ոչ մի ուսուցիչ իր սանին չգրկեց այս պայծառ օրը, բայց բոլորը էկրանների առջև մի պահ անխոս էին, ու բոլորն էին շնորհակալ հուզումից համրացած։
Առցանց էր հանդիպում-միջոցառումը։ Տևեց ավելի քան հինգ ժամ, որ անցավ հինգ ակնթարթի պես՝ մասնակիցների սրտերում թողնելով ջերմություն ու հպարտություն։ Եվ մանկության գունեղ կարուսելի նման պտտանիվը հերթով բերում էր մի պատանու անուն։ Եվ հերթով ու իրար հերթ չտալով՝ հյուսվում էին հատկանիշներ, մարդկային բարձր որակներ ու ապագայի քաղցր հույսեր՝ նրա հետ կապված։
Իսկ նախքան հանդիպումը եթերում՝ առավոտյան իր տան դուռը բացող ամեն շրջանավարտ զարմացել ու անակնկալից շփոթվել էր, քանի որ այս տոնական օրը անսպասելի իրեն էր այցելել իր իսկ ուսուցիչը՝ իր սանին անձամբ շնորհավորելու և մեկ անգամ ևս հաստատելու, որ իր աշակերտին սովորելուց ետ չի պահի ոչ ոք ու ոչինչ, և ի հեճուկս տևական համավարակի՝ տոնը կմեծանա իրենց հանդիպմամբ, գնահատանք-խրախուսանքով ու բարի երթ մաղթելով։
Անշուշտ, այս ջերմությունն ու հպարտությունը երբեք չի պակասել հատկապես այս սերնդի կրթության ընթացքում, քանի որ միմյանց էին հանդիպել լավ ուսուցիչն ու լավ աշակերտը՝ ստեղծարար և կազմակերպված, գիտակ ու զուսպ, նվիրված ու ձեռնհաս, ինքնակառավարվող ու պայքարող։
Այս տարվա Վերջին զանգը դեռ երկար կզնգա մեր համայնքի հիշողության մեջ, իսկ նրա կանչը բոլորիս հաճախ կվերադարձնի հայրական տուն դարձած մեր կրթօջախ՝ Դիլիջանի կենտրոնական դպրոց։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed