Բրյուսել այցից իր տպավորությունները շարադրել է Արևիկը։

Այս ճանապարհորդությունը Բրյուսել նշանակալից նշաձող էր ինձ համար մանկությունից պատանեկություն անցնելու շեմին առաջին անգամ թռչելու էի արտասահման առանց ընտանիքիս անդամների, միայն երկու դասընկերներիս և մեր ուսուցչի հետ։

 Առաջին օրը Բրյուսելում ցուրտ էր, և մայթերին նստած ձյան պատճառով սայթաքում էինք։ Չնայած ցրտին՝ զբոսնում էինք քաղաքով, քանի որ հյուրանոցում սենյակ միայն երեք ժամից էինք ստանալու, իսկ քաղաքն արդեն գերել էր մեզ իր միանման հմայիչ տներով։

Բրյուսելի փողոցները նմանեցրի Գյումրիի հին շենքերով և սալաքարերով փողոցներին։ Իհարկե, ճարտարապետության առումով բավականին տարբեր քաղաքներ են։ Հայաստանում շինությունների կառուցման համար տուֆն է հաճախ օգտագործվում, իսկ Բրյուսելում՝ աղյուսը։ Քաղաքի կենտրոնում շատ էին հնաոճ կառույցները, բայց ի տարբերություն ծայրամասերի՝ դրանց կողքին ապակեպատ երկնաքերեր են։

Մյուս երկրների թիմերի հետ գնացինք իլյուզիաների թանգարան։ Դրանցից որոշ մասը արդեն տեսել էինք Գյումրու թանգարանում և շատ չզարմացանք, մյուսները բավականին հետաքրքիր էին, բայց ամենաշատը մեզ գրավեց Վորտեքս կոչված իլյուզիան։ Մի մութ սենյակ էր՝ շրջանաձև պատերով, որոնց վրա անընդհատ պտտվող տիեզերքի պրոյեկցիան էր, իսկ կենտրոնով ուղիղ կամուրջ էր անցնում։ Երկար նայելիս թվում էր, թե լվացքի մեքենայի մեջ եմ։ Այդպես պետք է կամրջով անցնեինք դեպի Վորտեքսի ելքը։ Թվում էր, որ հանգիստ կանցնենք, բայց պատրանքի պատճառով այնպիսի տպավորություն էր, ասես կամուրջն էլ էր պտտվում։

Մեր ճամփորդության նպատակը «Կանայք և աղջիկները ՍՏԵՄ-ում» ֆորումին մասնակցելն էր, որտեղ քննարկվելու էր կանանց ներկայության անհրաժեշտությունը ՍՏԵՄ ոլորտի աշխատավայրերում։ Ֆորումից կարևոր է առանձնացնել այն, որ Մալթայի, Լյուքսեմբուրգի և Բուլղարիայի թիմերը ներկայացնում էին իրենց էկոլոգիական խնդիրները լուծող ռոբոտի պրոտոտիպերը։ Արդյունքում հաղթական դուրս եկավ Մալթայի թիմը, որի գաղափարը օդում ածխաթթու գազի պակասեցնելն էր։

Այս ֆորումից հասկացա տարբեր ոլորտներում՝ ՍՏԵՄ-ում ներառյալ, սեռերի հավասար մասնակցության կարևորությունը, քանի որ այդպես մեծանում է մարդկանց կարծիքների փոխանակման, տեսակետների փոփոխման հնարավորությունը, ինչի արդյունքում ստացված արտադրանքը հարմար է ավելի մեծ քանակությամբ մարդկանց գործածության համար։ Կանանց մասնակցությունը ՍՏԵՄ-ում պետք է խրախուսել, և ոչ միայն չպետք է քննադատել նրանց, ովքեր այլ ոլորտներում են աշխատանք ընտրում, այլև պետք է աջակցենք այն կանանց, որոնց շրջապատը կարող է հուսահատեցնել։

            Ինձ համար զարմանալի էր նաև այն, որ այսպիսի ֆորումը Եվրոպական Միության անդամ պետություններում է կազմակերպվում, քանի որ ինձ միշտ թվացել է, որ դրանք բավականին լիբերալ պետություններ են և այսպիսի խնդիրներ չեն ունենում։ Օրինակ՝ Հայաստանում իմ շրջապատն ինձ միշտ աջակցել է, երբ, ասենք, որոշել եմ գիտությունն  ընտրել, և որևէ  դա չի խոչընդոտել՝  կապելով դա իմ աղջիկ լինելու հետ։

            Ֆորումից հետո մենք գնացինք զբոսնելու, որպեսզի ամանորյա շուկան գտնենք։ Իսկ երբ հասանք, արդեն ժամը տասն էր, ինչը նշանակում էր, որ վրանները փակվում են։ Հաջորդ՝ վերջին օրը, զբոսնելով գնացինք դեպի Բելգիայի խորհրդանիշը՝ «Միզող տղան»։ Մինչ այդ ամեն տեղ տեսնում էինք այդ արձան պատկերով ապրանքներ, բայց հենց հասանք, զարմացանք արձանի փոքր չափից։

Ժամանակի սուղ լինելու պատճառով չհասցրինք Ատոմիում գնալ, որի մեջ, պարզվում է, հնարավոր էր մտնել։ Շատ ափսոսում եմ, որ չկարողացանք այնտեղ էլ գնալ։ Բայց օրվա ավարտը պակաս գեղեցիկ չէր։ «Սատանի անիվ» կարուսել նստեցինք  և կարողացանք հիանալ քաղաքով արևի ճառագայթները ամպերի ճեղքերից ոսկեզօծում էին կանաչ գմբեթով պալատը, իսկ հեռվում նույնիսկ Ատոմիումն էր երևում։

Մեր այցը Բրյուսել շատ օգտակար էր, քանի որ ավելի խոր սկսեցի հասկանալ որոշ սոցիալական խնդիրներ, ծանոթացա այլ երկրի մշակույթի և ձեռք բերեցի մի փորձառություն, որը երբեք չէի կարծի, թե այս տարիքում կստանամ։ Շնորհակալություն կազմակերպիչներին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed

Menu