Դիլիջանի կենտրոնական դպրոցի դահլիճը մայիսի 25-ին ջերմացավ շրջանավարտների 11-րդ սերնդի «Վերջին զանգ»-ի միջոցառմամբ։ Բազմաթիվ պահեր մինչ այսօր տպավորիչ են՝ պատանիների պարը Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես»-ի հնչյունների ներքո, միմյանց աշխատանքը բնութագրող մեղմ հումորն ու ժպիտները… Դիտարժան էին նաև աշակերտների տեսագրած ուսուցողական դերային խաղերը, որ գեղարվեստորեն էկրանից հանդիսատեսին էին փոխանցում հին ու նոր դասեր քարեդարյան մարդուց, միջնադարի մտածողներից մինչ դասական արվեստի գործեր։ Նուրբ կառուցված սցենարը ասես վկայում էր Ջոն Դյուիի խոսքը. «Կրթությունը կյանքին նախապատրաստելը չէ. կրթությունը ինքը` կյանքն է»։
Հուզիչ էր անկեղծ շնորհակալությունների ընթերցման պահը, երբ յուրաքանչյուր շրջանավարտ ընդգծում էր իր կյանքում որոշիչ հետք թողած ուսուցչի անունը։ Հայրենասիրության ուրույն դրսևորում էին ազգային պարերը դհոլի կենդանի զարկերով, որոնք խանդավառ պատանիները մեկնաբանում էին իբրև չարը ոտնատակ տալու հաստատակամ հարվածներ։
Եվ վերջում ողջույնի անակնկալ թոթովանքով հանդես եկան դպրոցի աշխատակիցների 3-5 տարեկան զավակները` իրենց զնգուն ձայնով ասես հավաստելով, որ ուժեղ հայրենիքում և խաղաղության մեջ է հնարավոր նոր սերնդի բարօրությունը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed